Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Հաագայի եկեղեցին հայ ընտանիքի արտաքսումը կանխելու համար կշարունակի 800 ժամ անընդմեջ տևող պատարագը


ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան մեկ ամիս շարունակ՝ շաբաթը 7 օր ու օրը 24 ժամ Հաագայի բողոքական եկեղեցիներից մեկում պատարագ է մատուցվում: Պատճառը եկեղեցում ապաստանած հայ Թամրազյանների ընտանիքն է, ովքեր, ըստ դատարանի որոշման, պետք է արտաքսվի երկրից:

Համաձայն Նիդերլանդներում գործող օրենքների՝ իրավապահ մարմիններն իրավունք չունեն մուտք գործել եկեղեցու տարածք, երբ այնտեղ պատարագ է մատուցվում, ուստի եկեղեցին որոշել է նաև կամավոր հոգևոր սպասավորների միջոցով անդադար պատարագ իրականացնել՝ թույլ չտալով արտաքսել հայ ընտանիքին՝ Սասուն և Անուշ Թամրազյաններին, ինչպես նաև նրանց երեխաներին՝ 21-ամյա Հայարփիին, 19-ամյա Վարդուհուն և 15-ամյա Սեյրանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս պատմությունը հայտնվել է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ընտանիքը Նիդերլանդներում է արդեն ինը տարի. ապաստան տրամադրելու դատական գործընթացները շարունակվել են տարիներ: Այս ընթացքում Թամրազյանների ընտանիքի անդամներն արդեն հասցրել են ինտեգրվել տեղի հասարակությանը, ձեռք բերել ընկերներ: Միայն հոկտեմբերի 25-ին դատարանը վճիռ է կայացրել, համաձայն որի՝ ընտանիքը պետք է վերադառնա հայրենիք՝ Հայաստան, որը Նիդերլանդների կառավարությունը համարում է ապահով նրանց համար:

Եկեղեցու սպասավորներից մեկը՝ Թեո Հեթեման նշել է, որ ընտանիքի պատմությունը շատ հուզիչ է: «Մենք կարեկցում ենք նրանց: Մենք համոզված ենք, որ այն, ինչ անում ենք, մեր եկեղեցու առաքելությունն է»,- նշել է նա:

Իրավաբան Մարտինե Գեոմանը, անդրադառնալով դեպքին, նշել է, որ երկրում նման իրավիճակում հայտնված շուրջ 400 երեխա կա:

Ամիսներ առաջ բոլորի ուշադրության կենտրրոնում էին երկրում արտաքսման վտանգի առաջ հայտնված հայ 12-ամյա Լիլին և 13-ամյա Հովիկը: Չարտաքսվելու վերջին հույսը կորցրած երեխաներն անգամ անհետացել էին իրենց խնամակալի տնից, որից հետո ոստիկանական որոնումներ էին սկսվել: Երկար որոնումներն ի վերջո արդյունք էին տվել: Մինչ այդ երկրում սկսվել էին տարբեր ակցիաներ՝ ի պաշտպանություն հայ երեխաների: Ի վերջո, Նիդերլանդների արդարադատության նախարար Մարկ Հարբերսը, օգտվելով իր լիազորություններից, բնակության թույլտվություն էր շնորհել երեխաներին:

Հատկանշական է, որ 2013 թվականին Նիդերլանդների կառավարությունն ընդունել էր օրենք, որը թույլ է տալիս երկրում գտնվող երեխաներին ապաստան տրամադրել, եթե նրանց ապաստանի դիմումն ընթացքի մեջ է ավելի քան 5 տարի:  Այդուհանդերձ, ինչպես նշում է  իրավաբան Մարտինե Գեոմանը, այդ օրենքը շատ հազվադեպ է կիրառվում:

Նիդերլանդների արդարադատության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել Թամրազյանների ընտանիքի դեպքը:

Քանի դեռ ընտանիքի ապաստանի հարցը մնում է առկախված, եկեղեցու սպասավորներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել պատարագը, որն անդադար շարունակվում է արդեն 5-րդ շաբաթը՝ տևելով շուրջ 800 ժամ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ