1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման համար կատարվել է 30 մլն դոլարի ներդրում. շինարարությունը կավարտվի 1-1.5 տարուց

Երևանում «Ինժեներական քաղաք»-ի ստեղծման համար կատարվել է 30 մլն դոլարի 
ներդրում. շինարարությունը կավարտվի 1-1.5 տարուց

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ապահովելու նպատակով նախաձեռնված «Ինժեներական քաղաք»-ի շինարարության ավարտը նախատեսված է 1-1,5 տարի հետո: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին Երևանում «Ինժեներական քաղաք»-ի հիմնարկեքի արարողությունից առաջ  այս մասին լրագրողներին ասաց  Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Բագրատ Ենգիբարյանի խոսքով` տարածքի մյուս կողմում արդեն իսկ կա ինժեներական կենտրոն, գրադարան, տիեզերքի, գիտության և տեխնոլոգիաների թանգարանները և շուտով կկառուցվի ավագ դպրոց:

«Ինժեներական քաղաքը արդեն իրականություն է: Սա ուղղակի ընդլայնումն է քաղաքի, որտեղ տեղակայված են լինելու 32 կազմակերպություններ իրենց առանձին շենքերով, ինչպես նաև մեծ ինժեներական ինկուբատոր` 38 նորաստեղծ կազմակերպություններով»,- ասաց Ենգիբարյանը:

Ենգիբարյանը նշեց, որ «Ինժեներական քաղաք»-ի կառուցման նպատակն է փորձարկել տարածաշրջանում նախադեպը չունեցող  նոր մոդել:

«Այդ մոդելը կկարողանա ճարտարագիտության ոլորտում մեկ վայրում իրականացնել կադրերի պատրաստումը, կազմակերպությունները  կկարողանան համատեղ սարքավորումները օգտագործել, հետազոտել և ապագայում համատեղ արտադրել»,- նշեց Ենգիբարյանը:

«Ինժեներական քաղաք»-ում կլինեն  հինգ հիմնական ուղղություններով աշխարհի լավագույն հետազոտական  լաբորատորիաները`  ճարտարագիտության ոլորտում ներդրումներ ներգրավելու նպատակով, ինչպես նաև   կազմակերպությունների համար հնարավորություն կստեղծվի լուծելու  համաշխարհային մարտահրավերները:

«Ինժեներական քաղաք»-ը ստեղծվում է պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ծրագրով նախատեսվում են ոլորտի 1500 բարձրակարգ մասնագետի պատրաստում եւ վերապատրաստում, 2000 նոր աշխատատեղի ստեղծում, ստարտափերի հիմնում, կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացում եւ արտահանման ծավալի աճ: 

«Քանի որ սա լինելու է ինկուբացիոն միջավայր, այդ թիվը անընդհատ կփոփոխվի և կթարմացվի: Երբ կազմակերպությունները մեծանան, հավանաբար, դուրս կգան տարածքից և կհիմներ առանձին իրենց արտադրական ենթակառուցվածքները»,- ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրենը և հավելեց, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նոր մասնագիտություն է ներառվել` համակարգային ինժեներիա,որի ուսումնառությունը կիրականացվի  «Ինժեներական քաղաք»-ի տարածքում:

Ենգիբարյանը նաև հայտնեց, որ նախնական ներդրումները հասնում են 30 միլիոն դոլարի, որից 10 միլիոն դոլարը կներդնի պետությունը:

«Նեշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր դոկտոր Ջեյմս Թրուշարդը կարծում է, որ Հայաստանը ունի շատ հզոր տեխնոլոգիական հիմք, որը կառուցվել է 10 տասնամյակներ շարունակ:

«Հայաստանը ունի գերժամանակակից ենթակառուցվածքներ, ճարտարագիտական լաբորատորիաներ և նմանատիպ այլ հարթակներ և երիտասարդները հնարավորություն ունեն դառնալու առաջատար մասնագետները այս ոլորտում: Կարծում եմ, որ ինքնավար ավտոմեքենաները շատ գրավիչ ուղղություն են Հայաստանում զարգացնելու համար, որովհետև Հայաստանը ունի այն իրականություն դարձնելու բոլոր բաղադրիչները և կրթական, և ճարտարագիտական մասով:  Հայաստանը շատ լավ դիրքավորված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում»,- եզրափակեց Թրուշարդը:

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը վստահ է, որ Հայաստանը կկարողանա պահել զարգացման տեմպը բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«Այս առումով մեր բախտը ժպտացել է, քանի որ ունենք լուրջ դպրոց ժառանգած  դեռևս Խորհրդային Հայաստանից: Պետք է ուղղակի ջանքեր գործադրել և ամեն ինչ անել, որ կարողանանք զարգացման տեմպը պահել և հետ չընկնել: Այս ոլորտում ես գիտեմ  բազմաթիվ պայծառ մարդկանց , որոնց  հավատում և վստահում եմ, որ կկարողանան այդ տեմպը պահել և Հայաստանը 21-րդ դարում իր շատ կարևոր և լուրջ տեղն է զբաղեցնելու այդ մարդկանց շնորհիվ»,- եզրափակեց Միրզոյանը:

Կառուցապատման մեկնարկի հուշապարկուճի տեղադրումը իրականացրեցին ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը և «Նեշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Engineering City in Yerevan, Armenia from Ashot Ghazaryan on Vimeo.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]