Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Իվանիշվիլի-Սահակաշվիլի պայքարում հաղթեց Զուրաբիշվիլին


ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում վերջին ուղղակի նախագահական ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում էր  իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, ստացել է ձայների 59,52 տոկոսը, իսկ նրա ընդդիմադիր մրցակից Գրիգոլ Վաշաձեն՝ 40.48 տոկոսը: Նշենք, որ երկրորդ փուլում ընտրողների մասնակցության ակտիվությունը 10 տոկոսով (337 889 ընտրող) բարձր է եղել, քան առաջին փուլում: Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների ավելի քան կեսը՝ 56,23%:

Արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր թեկնածու Գ. Վաշաձեն հայտարարել է, որ չի ընդունում դրանք և պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա նշել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կորցրել է իր լեգիտիմությունը և պատրաստ է աջակցել ցանկացած թեկնածուի, միայն թե իշխանությունը վերցնի իր ձեռքը: Ի դեպ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով, սատարում էր ընդդիմադիր թեկնածու Գ. Վաշաձեին, նույնպես հրաժարվել է ճանաչել Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, «քանի որ դրանք անցել են բռնության պայմաններում» և կոչ է արել երկրի բնակիչներին արդյունքների հրապարակման հաջորդ օրվանից զանգվածային բողոքի ակցիաներ սկսել: Վրաստանի ԿԸՀ-ի կողմից քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել ընտրողներին՝ վստահության համար և խոստացել «վերադարձնել կայունության և միասնության զգացումը»: Նա հայտարարել է, որ ընտրողներն ապացուցել են, որ չեն ցանկանում վերադարձ անցյալին, և խոստացել է, որ կլինի նաև այն քաղաքացիների նախագահը, ովքեր չեն քվեարկել իր օգտին: Հատկանշական է, որ Ս. Զուրաբիշվիլիի և Գ. Վաշաձեի միջև պայքարը Վրաստանում ընկալվում էր որպես անուղղակի պայքար Բիձինա Իվանիշվիլիի և Միխայիլ Սահակաշվիլիի միջև։

Այսպիսով, 66-ամյա փորձառու դիվանագետ Սալոմե Զուրաբիշվիլին, ով անցել է եվրոպական դիվանագիտական դպրոց, տարբեր ժամանակներում ղեկավարել է Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները Միացյալ Նահանգներում, ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում, ով Սահակաշվիլիի նախագահության տարիներին Վրաստանի արտաքին գործերի նախարարն էր, Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրված առաջին կինն է։ Նախագահի երդմնակալության և պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունը, Սահմանադրության համաձայն, տեղի կունենա երկրի առաջնորդի ընտրվելու օրվան հաջորդող երրորդ կիրակի օրը, տվյալ դեպքում՝ դեկտեմբերի 16-ին։

Չնայած այն հանգամանքին, որ համաձայն նոր Սահմանադրության նախագահի լիազորությունները սահմանափակվում են ներկայացուցչական գործառույթներով, այնուամենայնիվ, հաշվի առնելով Ս. Զուրաբիշվիլիի անցած ճանապարհը, նրա հաղթանակը կարող է նոր խթան լինել Վրաստան-ԵՄ, մասնավորապես Վրաստան-Ֆրանսիա հարաբերությունների ամրապնդման և խորացման առումով: Ըստ ֆրանսիական Le Figaro պարբերականի՝ Թբիլիսին կարող է դառնալ Հարավային Կովկասում Փարիզի գլխավոր գործընկերը, և Ֆրանսիան «առանց դիմադրության կարող է մտնել ցանկացած գործընթացի մեջ, որը վերաբերում է Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև պատմական գործընկերներից մեկի` Իրանի եվրոպական քաղաքականության գծին»:

Հատկանշական է նաև, որ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Ս. Զուրաբիշվիլին հայտարարել է, որ նախագահի կարգավիճակում իր առաջին արտասահմանյան այցը կլինի Եվրոպա՝ մասնավորապես, Բրյուսել, Բեռլին, Փարիզ և բալթյան երկրներ, մասնավորապես՝ Լիտվա, քանի որ վերջինիս կին նախագահն առաջինն է շնորհավորել նրան նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

Ինչ վերաբերում է ներքաղաքական գործընթացներին, ապա Ս. Զուրաբիշվիլիի դերակատարումը հազիվ թե նշանակալի լինի, հատկապես եթե հաշվի առնենք, որ չնայած նա անկախ թեկնածու էր, սակայն վայելում էր իշխող թիմի աջակցությունը և երկրորդ՝ սահմանադրական փոփոխություններով Վրաստանի նախագահի լիազորություններն անհամեմատ կրճատվել են:

Ամփոփելով կարելի է փաստել, որ Վրաստանում նախագահական վերջին ուղղակի ընտրությունները բավական կարևոր փորձություն էին հարևան երկրի համար։ Թե ինչպես կզարգանան հետընտրական զարգացումները՝ մի կողմից կախված է ընդդիմադիր առաջնորդների վճռականությունից և տեսլականից, մյուս կողմից՝ միջազգային հանրության արձագանքներից:

Ռոզի Միքայելյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ