Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը նոյեմբերի 29-ին գումարել է հերթական լիագումար նիստը: Խորհրդարանը ԱԺ նախագահի ներկայացմամբ հաստատել է նստաշրջանի և նիստի օրակարգերը, որից հետո՝ անդրադարձել պարտադիր քննարկման հարցերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հանրության և լրատվության հետ կապերի բաժնից, այս շարքում առաջինը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության մասին հարցն  էր:

Աժ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 128-րդ հոդվածի համաձայն, պալատի անդամի պաշտոնում ներկայացրել է Շուշանիկ Հայրապետյանի թեկնածությունը:

Թեկնածուի մասնագիտական գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը լսելուց և պարզաբանումներ ստանալուց հետո, խորհրդարանն անցել է գաղտնի քվեարկության: Ամփոփելով գաղտնի քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը նշել է, որ թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 27, դեմ՝ 2 պատգամավոր:

Պարտադիր քննարկման օրակարգային մյուս հարցը Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  դատավորի  նշանակման մասին էր: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը խորհրդարանին է ներկայացրել Նարեկ Հովհաննիսյանի թեկնածությունը:

Խորհրդարանի գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահի տեղեկացմամբ՝ քվեարկության արդյունքում  անվավեր  է ճանաչվել 1 քվեաթերթիկ, ձայները բաշխվել են 26 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ:

Նարեկ Հովհաննիսյանը ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  դատավորի  պաշտոնը ստանձնել է երդմամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական  մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը խորհրդարանին  է ներկայացրել հանձնաժողովի 2019 թվականի տարեկան գործունեության ծրագիրը և պատասխանել պատգամավորների՝ գազի մատակարարման պայմանագրերին և սակագներին վերաբերող հարցերին:

Անցնելով օրենսդրական գործունեությանը՝ խորհրդարանը ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ներկայացմամբ քննարկել է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով՝ օրինագծով սահմանվում են ռազմական դրություն հայտարարելու իրավական հիմքերն ու նպատակները, հստակեցվում են այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում ԱՀ տարածքում կարող է հայտարարվել ռազմական դրություն: Առաջարկված նախագծով ռազմական դրություն հայտարարում է Արցախի Հանրապետության նախագահը, գործընթացի շրջանակներում ԱՀ Սահմանադրության  պահանջներին  համապատասխան հստակեցվում են Կառավարության, Ազգային ժողովի լիազորությունները:

Գլխադասային պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո  խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքը:

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, ներկայացնելով «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին», «Էներգետիկայի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  փոփոխություն  կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագիծը,  նշել է, որ հնարավորություն կընձեռվի շուկայի ներկայիս միակ գնորդ-վաճառող կարգավորվող մոդելից անցում կատարել նոր ազատական մոդելի, կներդրվեն նոր գործիքներ՝ միջպետական առևտրի խթանման համար, կկատարելագործվի սակագնային կարգավորման համակարգը:

Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ խորհրդարանն ընդունել է օրենքը:

Ընդմիջումից հետո ԱԺ նիստը շարունակվել է  Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացակարգով:

Կառավարության անդամները պատասխանել են հանրակրթության ոլորտում աշխատավարձերի բարձրացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ֆինանսական միջոցներին, առաջնային և երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման հարկային արտոնություններին, խոշոր եղջերավոր անասունների ձեռքբերման վարկային սուբսիդավորման արդյունավետությանը, հանրակրթական օջախներում ջեռուցման ժամանակացույցին, հանքերի շահագործման անվտանգային համակարգերի կիրառմանը, հանրակացարանների վերակառուցման ծրագրի շարունակականությանը վերաբերող այս և մի շարք այլ հարցերի:

Շարունակելով օրինագծերի շուրջ աշխատանքները՝ խորհրդարանը քննարկել է «Դիվանագիտական ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրինագիծը: Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ներկայացմամբ՝ օրենքի ընդունումը Սահմանադրության պահանջ է և այն կկանոնակարգի դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությունը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ այս օրենքը ևս Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ:

ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, նշել է, որ այն ուղղված է գործարար միջավայրի՝ հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրության բարելավմանը և հարկային վարչարարության արդյունավետ քաղաքականության իրականացմանը:

Գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել օրենքի նախագծին:

Պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Գագիկ Բաղունցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]