1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանյան ընդդիմադիր դաշտի տիպաբանությունը

Հայաստանյան ընդդիմադիր դաշտի տիպաբանությունը
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 26-ից մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական ուժերի գերակշիռ մասը ընթացող նախընտրական քարոզարշավում դիրքավորվել են որպես կառուցողական ընդդիմություն և հայտարարում են այդ ընդդիմությունը լինելու, այլ կերպ ասած՝ երկրորդ տեղի համար պայքարելու մասին։  Քաղաքագիտության և քաղաքականության տեսանկյունից նման նպատակի և քաղաքական պայքարի թիրախի ընտրությունը որոշակիորեն նոնսենս  է առաջ բերում։

Ժողովրդավարական հասարակության կայացումն ու զարգացումն անհնար է պատկերացնել  առանց քաղաքական համակարգում քաղաքական ընդդիմության առկայության։ Վերջինս ժողովրդավարության հիմնական և էական առանձնահատկությունն է։ Համաձայն պլյուրալիստական դեմոկրատիայի տեսության նախահայրերից Ռոբերտ Դալի, պոլիարխիայի (ժողովրդավարության) պարտադիր պայմաններից մեկը քաղաքական ընդդիմության, որպես քաղաքական ինստիտուտի կայացվածությունն է։ Ըստ Դալի քաղաքական ընդդիմության տիպաբանության հիմքում դրված է ընդդիմության նպատակը։ Պայմանավորված ընդդիմության նպատակի չափանիշով  Դալը առանձնացնում է քաղաքական ընդդիմության 4 տիպ, որոնք նպատակ ունեն ՝

  • Փոխել կառավարության կազմը
  • Կառավարության որոշակի քաղաքականությունը
  • Քաղաքական համակարգի կառուցվածքը
  • Սոցիալ-տնտեսական համակարգը։

Քաղաքական ընդդիմության՝ ըստ նպատակի չափանիշի տիպաբանության մեկ այլ օրինակում, որպես ընդդիմության տիպաբանության հիմք նշվում են հետևյալ նպատակները՝

  • Քաղաքական համակարգի ամբողջական փոփոխություն
  • Իշխանության և նրա քաղաքականության ամբողջական փոփոխություն
  • Իշխանության և նրա քաղաքականության մասնակի փոփոխություն։

Իհարկե, քաղաքագիտության մեջ կան նաև ընդդիմության բնորոշման և տիպաբանության մի շարք այլ տեսություններ նույնպես, սակայն առարկայական տեսանկյունից ներկայացված օրինակներն առավել մոտ են հայաստանյան քաղաքական իրականությանը և ինչ-որ իմաստով տիպաբանության այս սկզբունքները բանալի են հանդիսանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայաստանյան քաղաքական դաշտի խճանկարի վերաբերյալ պատկերացում կազմելու համար։

Եթե մենք փորձենք ավելի պարզեցնել քաղաքական ընդդիմությունների տիպերը, ապա կարող ենք նշել ընդդիմության ևս 4 տեսակ՝ համակարգային և արտահամակարգային կամ հակահամակարգային, կառուցողական և ապակառուցողական։

Սրանցից համակարգային ընդդիմություն են այն քաղաքական ուժերը, որոնք քաղաքական համակարգի և իշխանության փոխփոխության խնդիր չեն դնում և հիմնականում նպատակ ունեն որոշակի ազդեցություն ունենալ իշխանության գործունեության այս կամ այն ոլորտի վրա։ Այս տեսանկյունից, օրինակ, 2009 թվականին հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրություներից հետո Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիոն կառավարության կազմից, հայտարարեց իրեն ընդդիմություն, սակայն հանդես չեկավ երկրում իշխանափոխության կամ քաղաքական համակարգի փոփոխության պահանջներով։ Հակահամակարգային ընդդիմությունն իր գործունեության առանցքում է դնում քաղաքական համակարգի ամբողջական փոփոխությունը։

Կառուցողական ընդդիմությունը ժողովրդավարական համակարգերին հատուկ քաղաքական ինստիտուտ է։ Որպես կանոն, կառուցողական ընդդիմությունը հակակշռում է գործող իշխանությանը։ Միևնույն ժամանակ այն իր ստվերային կառավարությամբ, կառուցվածքով, գաղափարաբանությամբ և այլընտրանքային ծրագրերով մրցակցում է իշխանության հետ և պատրաստ է քաղաքական պայքարի արդյունքում, սահուն կերպով ստանձնել իշխանության ղեկը։ Կառուցողական ընդդիմության դասական օրինակ է Մեծ Բրիտանիայի «Նորին մեծություն ընդդիմությունը»։

Վերջապես ապակառուցողական ընդդիմությունը գլխավորապես զբաղված է գործող իշխանության դիպվածային քննադատությամբ, հիմնականում է հետապնդում է կարճաժամկետ խնդիրների լուծումներ և խաղում է հասարակության զգացմունքների վրա։

Եթե մենք վերոշարադրյալը արտապատկերենք հայաստանյան քաղաքական դաշտի վրա, ապա ակնհայտ կդառնա, որ մենք լրջագույն խնդիր ունենք քաղաքական ընդդիմության, որպես քաղաքական յուրահատուկ ինստիտուտի կայացվածության հետ։ Ըստ էության, ներկայումս կառուցողական ընդդիմության դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի գերակշիռ հատվածը բազմաթիվ սկզբունքներով չի համապատասխանում դասական առումով քաղաքական ընդդիմության առանցքային չափորոշիչներին։ Անգամ արմատական-կառուցողական ընդդիմության դիրքերից հանդես եկող ուժերը գլխավորապես զբաղված են ընդամենը լոկալ քննադատությամբ։ Եթե սրան համադրում ենք այն, որ ներկայումս, բացի գործող իշխանությունը ներկայացնող քաղաքական ուժից, մյուսները հայտարարում են երկրորդ տեղի համար համար պայքարելու համար, ապա ակնհայտ է դառնում, որ հայաստանյան քաղաքական համակարգը պարզապես թերի է։ Ինչ վերաբերում է քաղաքական դաշտի ավանդական ուժերին, ապա վերջններս պարզապես չեն կարողանում կամ չեն ցանկանում դառնալ դասական իմաստով կառուցողական ընդդիմություն։ 

Աղասի Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]