Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բուխարեստում հարգել են ռումինական բանակի հայտնի հայազգի գեներալ Հակոբ Զատիկի հիշատակը

Բուխարեստում հարգել են ռումինական բանակի հայտնի հայազգի գեներալ Հակոբ 
Զատիկի հիշատակը
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Բուխարեստի «Bellu» գերեզմանատանը մասնակցել է ռումինական բանակի հայտնի հայազգի գեներալ Հակոբ Զատիկի (Iacob Zadic) (08.12.1867–08.04.1970) հիշատակի արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառման սկզբում Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը կատարեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ արժանավոր գեներալի: Հոգեհանգստյան կարգից հետո ելույթներով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն ու Ռումինահայոց միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը:

Իր ելույթում դեսպան Մինասյանը խոսեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայազգի գեներալի ունեցած վաստակի մասին` մասնավորապես նշելով. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը և Ռումինիայի Թագավորությունը Առաջին աշխարհամարտի տարիներին հանդիսանում էին փաստացի դաշնակիցներ, դրանով իսկ և՜ գեներալ Զատիկը, և՜ ռումինական բանակի հարյուրավոր հայազգի զինվորականներ իրենց ավանդն են ունեցել նաև իրենց պատմական հայրենիքի պաշտպանության գործում: Այս տարի, երբ Ռումինիան նշում է իր միավորման, իսկ Հայաստանի Հանրապետությունը` Առաջին Հանրապետության 100-ամյակները, այսօր մեր այստեղ գտնվելն ու հարգանքի տուրք մատուցելն ավելի քան խորհրդանշական է»:

Վարուժան Ոսկանյանն իր ելույթում հատուկ անդրադարձ կատարեց պատմական Բուկովինա շրջանի միավորման գործում գեներալ Զատիկի ավանդին ՝ հիշելով նաև ռումինական բանակի բազմաթիվ այլ հայազգի զինվորների և սպաների:

Հիշատակի արարողությանը ներկա էին Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Նիկոլաե Նաստան (Nicolae Nasta), Ռումինիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ներկայացնող պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը և ռումինահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Արարողությունից հետո ռումինական բանակի պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն։

Ռումինական բանակի 8-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար հայազգի գեներալ Հակոբ Զատիկը մեծ դեր է ունեցել 1918թ. Ռումինիայի, մասնավորապես՝ Բուկովինա շրջանի միավորման գործում: Նշանավոր հայազգի զորավարը եղել է Զինված ուժերի բարձրագույն խորհրդի անդամ՝ պարգևատրվելով Ռումինիայի և այլ երկրների շքանշաններով ու մեդալներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]