1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը շարունակում է «լռեցնել» բոլոր այլախոհներին

Էրդողանը շարունակում է «լռեցնել» բոլոր այլախոհներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունների արշավը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող անձանց և կազմակերպությունների նկատմամբ նոր դրսևորումներ է ստանում: Եթե վերջին մի քանի տարիների ընթացքում հետապնդումները հիմնականում կապված էին 2016թ. հեղաշրջման փորձի և գյուլենականների հետ առնչությունների մասին մեղադրանքներով, ապա այժմ սկսել են ձերբակալվել ավելի վաղ շրջանում ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած անձինք: Այս անգամ թիրախում ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի կողմից հիմնադրված «Բաց հասարակություն հիմնադրամն» է, որն արդեն իսկ հայտարարել է Թուրքիայում իր գործունեության դադարեցման մասին: Նման որոշման պատճառ դարձավ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, որում նա մեղադրեց Սորոսին Թուրքիայում պառակտում մտցնելու փորձի մեջ՝ նշելով, որ 2013 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ցույցերը ֆինանսավորվել են վերջինիս հիմնադրամի կողմից։ Հատկանշական է, որ նման մեղադրանքները թուրքական մի շարք լրատվամիջոցների կողմից շրջանառվում են արդեն մի քանի ամիս:  

Նշենք, որ Թուրքիայում այս տարվա հուլիսին արտակարգ դրության ռեժիմի չեղարկումից հետո սա առաջին դեպքը չէ, որ երկրի իշխանությունները ճնշումներ են գործադրում քաղհասարակության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների նկատմամբ: Ինչպես և կանխատեսվում էր, Էրդողանը շարունակում է իր իշխանության ամրապնդմանն ուղղված քայլերը՝ փորձելով «ազատվել» բոլոր հնարավոր խոչընդոտներից: Օրեր առաջ՝ նոյեմբերի 16-ին, ձերբակալվել է 13 ակադեմիկոս, լրագրող և ակտիվիստ (որոնցից 8-ն այնուհետև ազատ են արձակվել՝ երկրից դուրս չգալու պայմանով), ովքեր կրկին մեղադրվում են 2013 թվականի Գեզիի դեպքերին աջակցելու մեջ: Հատկանշական է, որ ձերբակալված ակադեմիկոսները «Անադոլու Քյուլթյուր» կազմակերպության անդամներն են, որի ղեկավարը՝ իրավապաշտպան Օսման Քավալանը, ձերբակալվել էր ավելի վաղ՝ 2017թ.: Նա հայտնի է հայերի նկատմամբ իր դրական վերաբերմունքով, եղել է Հայաստանում, հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև կարևորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

Թուրքիայում շարունակվում է նաև գյուլենականների գործով ձերբակալությունները: Այս տարվա սեպտեմբերին Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է օդուժի 100 աշխատակիցների՝ վերջիններիս մեղադրելով գյուլենականների հետ կապերի մեջ:

Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ 2019թ-ի մարտի 31-ին Թուրքիայում սպասվող տեղական ընտրություններին ընդառաջ՝ բավական լայմամասշտաբ արշավ է սկսվել նաև Թուրքիայի տարբեր շրջաններում գտնվող քրդական Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամների և մի շարք լրագրողների, ակտիվիստների նկատմամբ: Արդյունքում ձերբակալվել է 150 մարդ, ովքեր մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ կապերի մեջ:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Էրդողանը, չնայած միջազգային հանրության քննադատություններին և Թուրքիայի՝ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվելուն, շարունակելու է որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված բացառելու ցանկացած ցնցում, որը կարող է սպառնալ սեփական իշխանությանը: Նման «անկաշկանդ» գործելաոճն առավելապես պայմանավորված է Թուրքիայի տարածաշրջանային դերակատարման մեծացմամբ, ինչը թույլ է տալիս Էրդողանին վստահ լինել, որ առնվազն ներկա փուլում միջազգային հանրության քաննադատությունները չեն վերածվի գործողությունների: Նշենք նաև, որ հաջորդ տարվա մարտին կայանալիք տեղական ընտրություններն Էրդողանի համար լինելու են յուրահատուկ թեստ՝ հասկանալու, թե որքան արդյունավետ են աշխատում կիրառվող գործիքները և ինչ «թերացումներ» կան, որոնք անհրաժեշտ է «շտկել»՝ հաջորդ նախագահական ընտրություններին հաղթանակ ապահովելու համար:

Գրետա Ավետիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]