Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի խորհրդարանը քննարկել է 2019թ. պետական բյուջեի մասին ԱՀ օրենքի նախագիծը

Արցախի խորհրդարանը քննարկել է 2019թ. պետական բյուջեի մասին ԱՀ օրենքի 
նախագիծը

Նոյեմբերի 27-ին Հովիկ Ջիվանյանի և Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, նիստում քննարկվել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ներկայացնելով քաղաքապետարանի պահպանման ծախսը, նշել է որ այն գալիք տարում կազմելու է 294մլն 455հազ դրամ: 2019թ-ի պետական դոտացիայից համայնքի բյուջեին է փոխանցվելու 1 մլրդ 825մլն դրամ, ինչը 45 մլն դրամով ավել է 2018թ-ի ցուցանիշից:

Բյուջեի ավելացումը քաղաքապետը պայմանավորեց հիմնականում նորակառույց Ազատամարտիկների զբոսայգու սպասարկման համար ավելացած հաստիքներով:

Ասկերանի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը, շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Բալասանյանի փոխանցմամբ, 2019-ին կկազմի 165 մլն 137 հազար դրամ, ինչը 7մլն դրամով ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից՝ կապված քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի բնականոն բարձրացմամբ: Պետական բյուջեով Ասկերանի շրջանին տրամադրվող դտացիան կկազմի 166մլն 237 հազ դրամ:

Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանի խոսքով՝ շրջվարչակազմի պահպանման ծախսը գալիք տարվա բյուջեով նախատեսված է  124մլն 534հազ դրամ: Դոտացիոն կարգով շրջանին կտրամադրվի 194մլն 031հազ դրամ:

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեով շրջվարչակազմի պահպանման համար նախատեսված գումարը կկազմի 159մլն 195հազ դրամ: Համայնքներին կտրամադրվի 252մլն 204հազ դրամ դոտացիա:

Մարտունու շրջանի վարչակազմի պահպանման ծախսը նախատեսվում է 149մլն 984հազ դրամ: Վարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանի խոսքով՝ շրջանի համայնքներին պետական բյուջեից կհատկացվի 144 մլն 075հազ դրամ:

Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի փոխանցմամբ՝ վարչակազմի պահպանման ծախսը 2019թ-ին կկազմի 113 մլն 792հազ դրամ, համայնքներին կտրամադրվի 51մլն 016հազ դոտացիա:

Քաշաթաղի շրջանի վարչակազմի պահպանման ծախսը գալիք տարում նախատեսված է 265մլն 857հազ դրամ: Վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի խոսքով պետական բյուջեից համայնքներին կտրամադրվի 284 մլն 234հազ դրամ դոտացիա:

Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ 2019թ-ին վարչակազմի պահպանման ծախսը նախատեսված է 122մլն 314հազ դրամ, համայնքներին տրամադրվող դոտացիան կկազմի 122մլն 291հազ դրամ:

Շրջվարչակազմերի ղեկավարները պատասխանել են պատգամավորների առաջադրած՝ կապիտալ շինարարությանը, բակերի բարեկարգմանը, շենքերի տանիքների վերանորոգմանը, աղբահանությանը, գույքահարկի գանձմանը, անասնաբուժական կայանների գործունեությանը վերաբերող հարցերին:

Ընդմիջումից հետո համատեղ նիստը շարունակվել է իշխանության պետական կառավարման ու դատական մարմինների ծախսերի քննարկմամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ներկայացնելով 2019թ-ի բյուջեով նախատեսված աշխատակազմի ընդհանուր ծախսը, նշել է, որ այն կազմում է 564մլն 392հազ դրամ, ինչն ընթացիկ տարվա համեմատ աճել է 6մլն 762հազ դրամ՝ պայմանավորված աշխատավարձի ֆոնդի բնականոն աճով:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի փոխանցմամբ՝ գալիք տարում խորհրդարանի ծախսը կկազմի 606մլն 639հազ դրամ, 2018թ-ի 601մլն 337հազարի փոխարեն: Աճը պայմանավորված է պետական ծառայողների գործակիցների բնականոն աճի, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով ժամանակավոր աշխատողի վարձատրման հոդվածի փոփոխությամբ:

Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանի խոսքով՝ 2019թ-ի պետական բյուջեի նախագծով ապարատի պահպանման ծախսը նախատեսված է 362մլն 923հազ դրամ, ինչն ընթացիկ տարվա ծախսերի համեմատ նվազել է 14մլն 500հազ դրամով: Նվազումը պայմանավորված է աշխատավարձի ֆոնդի նվազմամբ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանի ներկայացմամբ՝ պետական բյուջեից խորհրդին հատկացվելիք գումարը նախատեսվում է 587մլն 25հազ, ինչը 2018-ի համեմատ 1,7 տոկոսով ավել է:

Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի հաղորդմամբ 2019-ին դատախազության ծախսը կկազմի 510մլն 567 հազ դրամ՝ ընթացիկ տարվա 503մլն 323հազ-ի փոխարեն:

Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի խոսքով՝ արդարադատության համակարգի բյուջեով նախատեսված ծախսը կազմում է 353մլն 259հազ դրամ, ինչը 0,7 տոկոսով ավել է ընթացիկ տարվա ցուցանիշից:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի երրորդ հատվածն այնուհետև շարունակվել է Հաշվեքննիչ պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական ծառայության խորհրդի և կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերի քննարկմամբ:

Ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի ծախսը՝ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը նշել է, որ այն կկազմի  143մլն 880 հազ դրամ՝ ընթացիկ տարվա համեմատ աճելով 1մլն 52հազ դրամով:

Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով՝  գալիք տարի աշխատակազմին հատկացվելիք գումարը կկազմի  47մլն 452հազ դրամ:

Քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի փոխանցմամբ՝ խորհրդի 2019թ-ի ծախսը պլանավորվել է 103մլն 357հազ դրամ, ընթացիկ տարվա 102մլն 153հազ-ի փոխարեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսը՝ համաձայն հանձնաժողովի նախգահի տեղակալ Եղիշե Արզումանյանի, գալիք տարի կկազմի  149մլն դրամ:

Նոյեմբերի 30-ին բյուջեի քննարկումները կշարունակվեն ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]