Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մեկնարկել է ՀՀ նախագահի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Մեկնարկել է ՀՀ նախագահի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային 
Հանրապետություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում:

Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:

Այցի ընթացքում նախագահ Սարգսյանը կհանդիպի Հայաստանում գործունեություն ծավալող և Հայաստանի հետ համագործակցությամբ հետաքրքրված գերմանացի գործարարների հետ: Քննարկումներ կծավալվեն հայաստանյան ներդրումային և գործարար միջավայրի, հայ-գերմանական տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

Հանրապետության նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը, ինչպես նաև կայցելի Գերմանիայի Կարմիր խաչի կազմակերպություն, որը հատկապես վերջին 30 տարիներին բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում Հայաստանում:

Պաշտոնական այցի շրջանակում նախագահը կայցելի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ:

Հայաստանի նախագահի պաշտոնական այցի օրակարգը ներառում է նաև այցելություններ ԳԴՀ մի շարք գիտակրթական և գիտատեխնիկական հաստատություններ: Արմեն Սարգսյանը դասախոսություններով հանդես կգա «Բերթելսման» հիմնադրամում, Օտտո ֆոն Գուերիկեի համալսարանում:

Հանրապետության նախագահը հանրահայտ Կոնցերտհաուս Բեռլինում (Konzerthaus Berlin) ներկա կգտնվի հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մասնակցությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]