Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սեւան քաղաքում կգործի շարժական պատկերասրահ

Սեւան քաղաքում կգործի շարժական պատկերասրահ

ԳԱՎԱՌ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքում օրերս կմեկնարկի «Շարժական ART GALLERY» ծրագիրը, որը նպաստելու է երիտասարդ ստեղծագործողների ինքնաարտահայտմանը, հանրային ճանաչմանը, ինչպես նաեւ՝ համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, շարժական պատկերասրահ ունենալու գաղափարը վաղուց էր հասունացել, այն քննարկվել էր տարբեր հանդիպումների ժամանակ, սակայն իրողություն դարձավ «ԵՄ-ն հանուն երիտասարդության. հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի եւ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության համագործակցությամբ, Եվրամիության ֆինանսավորմամբ:

«Դեռ ամիսներ առաջ, երբ տրվեց ծրագրի մեկնարկը, հանդիպումներ տեղի ունեցան հանրապետության տարբեր համայնքներում, այդ թվում՝ Սեւանի համայնքապետարանում: Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ողջունեց ծրագրի իրականացումը, մասնավորապես` Սեւան համայնքի ընդգրկումը այդ ծրագրում: Հանդիպմանը հաջորդեց «Երիտասարդ աշխատողների հմտությունների բարելավում» դասընթացաշարը, որին Սեւան համայնքից մասնակցել են Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի մասնագետ Անի Պետեյանը եւ «Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ ներկայացուցիչ Մերի Սեդրակյանը: Մասնակցությանը զուգահեռ՝ նրանք համայնքային քննարկումների արդյունքում նախապատրաստել եւ ներկայացրել են ծրագրային փաթեթներ, որոնցից ընտրվել է «Շարժական ART GALLERY»-ին:

Ծրագրի շահառուներն են 16-30 տարեկան արվեստագետները: Նրանց վերաբերյալ հավաքվելու է տեղեկատվություն, կազմակերպվելու են հանդիպում-քննարկումներ: Քաղաքում չկա պատկերասրահ կամ ցուցադրությունների համար նախատեսված հատուկ տարածք: Այս պատկերասրահը գալիս է լրացնելու այդ բացը՝ միաժամանակ լինելով շարժական, ընձեռում է գործողությունների եւ հնարավորությունների ազատություն: Սովորաբար մարդիկ են գնում պատկերասրահ, իսկ այս դեպքում պատկերասրահն է գնալու մարդկանց մոտ, միաժամանակ ցուցադրությունները զուգորդվելու են մշակութային այլ միջոցառումների հետ: Միաժամանակ առաջիկա ամիսներին կազմակերպվելու են հանդիպում-քննարկումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ունենալ յուրահատուկ համագործակցային ցանց:

Շարժական պատկերասրահի գործարկմամբ առավել հեշտ է գտնել ստեղծագործական նոր լուծումներ, որոնք հնարավորություն կտան ապահովելու ցուցահանդեսների ինքնատիպությունն ու յուրօրինակությունը: Երիտասարդ արվեստագետները ոչ միայն կմասնակցեն հանդիպում-քննարկումներին, այլ նաեւ կհամագործակցեն միմյանց հետ, ինքնարտահայտման նոր հարթակներ կգտնեն, կկազմակերպեն ցուցահանդես-վաճառքներ: Ծրագրի ընթացիկ աշխատանքներում ներգրավված երիտասարդներն էլ առավել մոտիկից կծանոթանան համայնքային անցուդարձին ու խնդիրներին, կկարեւորեն ՏԻՄ-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը զարգացման ծրագրերում: Սա նաև լավագույն հնարավորություն է ձեւավորելու արվեստի նկատմամբ վերաբերմունք, ակտիվացնելու համայնքային մշակութային կյանքը:

Ծրագրի համակարգողները վստահեցնում են, որ պատկերասրահն ունենալու է երկար կյանք: Այն առավել կենսունակ կլինի ամռան ամիսներին: Սա նաեւ միջհամայնքային համագործակցության հնարավորություն է, որի շնորհիվ առավել մեծ թվով երիտասարդ ստեղծագործողներ կներկայանան կողք կողքի»,-նշեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]