Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Հուլիս 2022

Փոխվարչապետի պաշտոնակատարը մասնակցել է Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովին

Փոխվարչապետի պաշտոնակատարը մասնակցել է Եվրոպական բիզնես 
կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նոյեմբերի 26-ին մասնակցել է Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովին, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանը տարածքով և բնակչությամբ փոքր, սակայն բիզնես ստեղծելու և ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու առումով մեծ հնարավորություններ ընձեռնող երկիր է:

Փոխվարչապետի պաշտոնակատարն ասել է, որ այս գարնանը հայ ժողովուրդը թավշյա, ոչ բռնի հեղափոխություն իրականացրեց, ինչի մասին հիացմունքով խոսեց ու մինչև հիմա խոսում է միջազգային հանրությունը: Այժմ, բացի քաղաքական, ժողովրդավարական հեղափոխությունից, նաև տնտեսական հեղափոխություն պետք է իրականացվի: Այդ նպատակով հենց առաջին օրվանից կառավարությունը լծվել է երկրում տնտեսական բարեփոխումներ իրականացնելու, բիզնես միջավայրը բարելավելու և ներդրողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու գործին: Այս գործընթացում կառավարությունը հանդես է գալիս իբրև համակարգող. այն չի միջամտում ազատ շուկայական հարաբերություններին, այլ հաստատում է խաղի կանոններ օրենսդրական բարեփոխումների միջոցով և սահմանում է պետության ռազմավարական գերակայությունները:

Իր խոսքում Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ ներդրողներին ու գործարարներին Հայաստանն առաջարկում է ոչ միայն իր ներքին շուկան, այլև լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ հնարավորություն է ստեղծում մուտք գործելու մոտ 200 մլն սպառող ունեցող շուկա, որի գումարային ՀՆԱ-ն շուրջ 1,8 տրիլիոն ԱՄՆ դոլար է: Բացի այդ, Եվրասիական միության շրջանակներում երկիրն ազատ առևտրի պայմանագրեր ունի մի շարք պետությունների հետ, ինչպես նաև ընթանում է ազատ առևտրի գոտի ձևավորելու գործընթաց հարևան Իրանի հետ: Հայաստանը նաև  Եվրոպական միության հետ կնքել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև օգտվում է առևտրի արտոնյալ GSP+ ռեժիմից, որով նախատեսվում է 0 կամ նվազեցված մաքսատուրք շուրջ 6200 անուն հայկական ծագման ապրանքների համար: Այսպիսով, Հայաստանը կարող է կամուրջ լինել դեպի եվրոպական, եվրասիական ու Մերձավոր Արևելքի շուկաներ:

Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև հավելել է, որ անցած ամիսների ընթացքում կառավարությունը հիմնարար քայլեր է ձեռնարկել կոռուպցիայի, մոնոպոլիաների դեմ պայքարում և հսկայական առաջընթաց գրանցել այս ուղղությամբ: Շուկայի ցանկացած ոլորտ մուտք գործելու համար այլևս չկան արհեստական խոչընդոտներ: Կառավարությունը նաև մշակում է ներդրողների համար ծառայությունների մատուցման մեկ պատուհանի նախաձեռնությունը, որի շնորհիվ նրանք կստանան աջակցություն բիզնեսի զարգացման բոլոր փուլերում:

Պարզեցվում են նաև օրենքները և կարգավորումները, բյուրոկրատական խոչընդոտները հասցվում են նվազագույնի: Արդեն իսկ նախաձեռնվել են հարկային օրենսգրքի բարեփոխումները, որոնց նպատակը հարկային վարչարարության պարզեցումը և հարկային բեռի նվազեցումն է:

Ամփոփելով ելույթը՝ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ վերափոխման այս գործընթացում կառավարությունն ունի գործարար համայնքի աջակցության կարիքը և մեծ նշանակություն է տալիս հետադարձ կապին ու փոխադարձ վստահության միջավայրում աշխատանքին: Նա վստահություն է հայտնել, որ գործարար համայնքի հետ սերտ համագործակցության և մշտական հաղորդկացման արդյունքում հնարավոր կլինի ապահովել կայուն զարգացում և տնտեսական աճ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]