1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Սասնա ծռեր» կուսակցությունն իր քարոզարշավը սկսեց ԱԺ բակից

«Սասնա ծռեր» կուսակցությունն իր քարոզարշավը սկսեց ԱԺ բակից

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն իր քարոզարշավը մեկնարկեց Ազգային ժողովի բակից՝ «Ժամանակն է» կարգախոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը՝ լրագրողների հետ զրույցում նշեց, որ հատուկ խորհուրդ կա ԱԺ-ի բակից սկսելու հանգամանքում:

«Վերջապես, մեր երկար տարիների պայքարից հետո, մենք կարող ենք մասնակցել ԱԺ ընտրություններին: Այս ընտրությունները շատ հուսադրող են և խոստանում են լինել շատ լեգիտիմ ու զգալի չափով արտացոլել հայ ժողովրդի կամքը»,- նշեց Ավետիսյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ժողովուրդը կլինի ակտիվ և այս ընտրություններին կբացառվեն բոլոր տեսակի կեղծիքները:

Կուսակցության կարգախոսն է՝ «Ժամանակն է», և ծրագրում տեղ գտած յուրաքանչյուր կետից առաջ կա այդ կարգախոսը:

«Այսպիսի կարգախոս ընտրելով նկատի ենք ունեցել, որ արդեն ժամանակն է անելու այս կամ այն քայլերը: Մեր ծրագրում տեղ է գտել 5 հիմնական ուղղություն՝ իրավունք և արդարություն, պետական կառավարում և կադրային քաղաքականություն, սոցիալ-տնտեսական զարգացում, անվտանգություն և պաշտպանություն, Արցախի միացում, արտաքին հարաբերություններ, Հայրենիք-Սփյուռք»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե սոցիալական ինչ խնդիրներ են համարում օրակարգային, վերջինս մի քանի օրինակ բերեց՝ սակագների նվազեցում, նվազագույն սպառողական զամբյուղի իրական հաշվարկը, որոնք տնտեսության համակարգաստեղծ բաղադրիչներ են:

«Այս երկու քայլերը բավական են, որ ներքին տնտեսության կառուցվածքը բարելավվի և սկսենք շնչել: Այս խնդիրները լուծելու համար պետք է խորհրդարանական ձևաչափով համապատասխան որոշում լինի, որպեսզի պետական մարմինները սկսեն հաշվարկներ անել: Այս ամենից հետո հնարավոր կլինի ներկայացնել համապատասխան ռազմավարություն, թե ինչպես պետք է լուծվեն այդ հարցերը»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:

Նոյեմբերի 26-ից մեկնարկած պաշտոնական քարոզարշավը կտևի 12 օր և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություն և երկու դաշինք: Դրանք են «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները: Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]