Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զբոսաշրջության ոլորտում պետք է ստեղծել ավելի մրցակցային միջավայր. Ապրեսյան

Զբոսաշրջության ոլորտում պետք է ստեղծել ավելի մրցակցային միջավայր. Ապրեսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիզմի հայկական ֆեդերացիան նպատակ ունի Հայաստանում ստեղծել ավելի մրցակցային միջավայր, որպեսզի երկրի մրցունակությունը բարձրանա համաշխարհային շուկայում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի նախագահ Մեխակ Ապրեսյանը խոսեց ֆեդերացիայի ստեղծման, նպատակների, ոլորտում առկա խնդիրների և մի շարք այլ հարցերի մասին:

-Պարոն Ապրեսյան, նախկինում եղել է «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն»: Ինչո՞ւ որոշեցիք վերակազմավորել այն «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի:

-2004 թվականի օգոստոսի 2-ին կայացած ժողովի ժամանակ ստեղծվել է «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն»-ը: 2018 թվականի օգոստոսի 2-ին  «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության» ընդհանուր խորհուրդը որոշում ընդունեց վերակազմավորվել «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի: Մի քանի տարի մասնավոր հատվածի հետ քննարկում էինք ֆեդերացիա ստեղծելու գաղափարը: Այն, իրոք, անհրաժեշտ էր՝ ներկայիս համաշխարհային զբոսաշրջային արդյունաբերության մեջ առկա մարտահրավերների և զարգացումների պայմաններում: Մենք պետք է կարողանանք ոլորտում եղած մարտահրավերներն ավելի արդյունավետ հաղթահարել: Ֆեդերացիայի միջոցով կփորձենք մասնակցել և աջակցել ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման գործընթացին, լինել պետության և հասարակության միջև կապող օղակ:

-Ի՞նչ նպատակ է հետապնդում վերակազմավորված ֆեդերացիան:

-Այժմ մենք նպատակ ունենք ներկայացնել ոլորտի մասնավոր հատվածն ամբողջությամբ և հանդիսանալ համագործակցության հարթակ ոլորտի բոլոր պետական ու մասնավոր շահագրգիռ կողմերի համար:  Մեր նպատակն է նաև Հայաստանում ստեղծել ավելի մրցակցային միջավայր, որպեսզի երկրի մրցունակությունը բարձրանա համաշխարհային շուկայում:

-Կնշե՞ք «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի գործառույթները:

-Մենք մի քանի գործառույթ ունենք, որոնցից կարևոր եմ համարում տուրիզմի ոլորտի աշխատակիցների համար դասընթացների կազմակերպումը, վերապատրաստումը: Այս ասպարեզում շատ մեծ դերակատարություն ունի մարդկային ռեսուրսների զարգացումը, ոլորտը բարձրակարգ կադրերով ապահովելը: Մենք նաև ոլորտում ուսումնասիրություններ, վերլուծություններ ենք իրականացնելու, մշակելու ենք տարբեր առաջարկություններ և ներկայացնելու շահագրգիռ պետական և մասնավոր կառույցներին:

-Արդեն իսկ դասընթացներ անցկացվե՞լ են:

-Այո, արդեն եղել են դասընթացներ զբոսաշրջային օպերատորի գործունեության վերաբերյալ, և դրանք շարունակական են լինելու: Բայց միայն սրանով չենք սահմանափակվելու, լինելու են նաև ոլորտի բոլոր ծառայությունների հետ կապված դասընթացներ, ինչպես նաև հենց դասընթացավարների պատրաստման դասեր:

-Նախատեսվո՞ւմ են համագործակցություններ այլ երկրների ֆեդերացիաների հետ:

-Դեռևս մեկ պայմանավորվածություն կա՝ համագործակցություն սկսել «Հոլանդիայի տուրիզմի ֆեդերացիա»-ի հետ, ինչի արդյունքում կլինի փորձի փոխանակում: Մենք այստեղ հրավիրել էինք հոլանդացի տուրիզմի ոլորտի մի մասնագետի, ով նախկինում եղել է այդ ֆեդերացիայի անդամ և նրա հետ արդեն իսկ համագործակցության պայմանավորվածություն ենք ձեռք բերել:

-Ի՞նչ փոփոխություններ է պետք իրականացնել տուրիզմի ոլորտում, որպեսզի այն զարգանա, և ավելի շատ զբոսաշրջիկներ այցելեն Հայաստան:

-Դեպի Հայաստան զբոսաշրջիկների դինամիկ աճ է սպասվում, և առաջին հերթին մենք պետք է կարողանանք ճիշտ կառավարել այդ զբոսաշրջային հոսքերը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել ծառայությունների որակ, հետևողական լինել, որպեսզի ավելի բարեկարգ ծառայություններ մատուցենք: Մենք նաև է չպետք մոռանանք միջազգային ինտեգրացման մասին՝ առավել ակտիվացնենք միջազգային համագործակցությունը, որն ունի երկու նպատակ: Մենք, առաջին հերթին, պետք է կարողանանք օգտվել այդ համագործակցությունից, որպեսզի բարձրացնենք մեր երկրի իմիջը, երկրորդն էլ՝ պետք է բարձրացնենք մեր երկրի հեղինակությունն ու հարգանքը Հայաստանի նկատմամբ:

-Բացի ֆեդերացիայի անդամ կազմակերպություններից, կա՞ն այլ կառույցներ, որոնք աջակցում են:

-Իհարկե, կան: Ամենակարևորը հենց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է: Մեր գործունեության մեջ շատ մեծ ներդրում ունեն նախարարությունն ու Զբոսաշրջության կոմիտեն, որը ոլորտում պետական լիազոր մարմինն է:

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]