1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տպագիր լրատվամիջոցների խմբագիրները համոզված են, որ թերթերի վախճանը բավականին հեռու է

Տպագիր լրատվամիջոցների խմբագիրները համոզված են, որ թերթերի վախճանը 
բավականին հեռու է

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի խմբագիրները համոզված են, որ տպագիր մամուլը չի կորցրել իր կարևոր առաքելությունները լրատվադաշտում: Ներկայում լույս տեսնող թերթերը էական նշանակություն են ունենալու նաև դարեր հետո՝ պատմաբանների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբագիրները նման տեսակետ հայտնեցին «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում:

«Թերթի վախճանը բավականին հեռու է: Հիմա անցումային փուլ է, և պետք է  փորձենք գտնել այն լուծումները, որ մրցակցային այս պայմաններում կարողանանք տպագիր մամուլի հեղինակությունը, որ ուներ հանրապետության առաջին տարիներին, հետ բերենք:  Տպագիր մամուլն ունի որոշ առավելություններ: Առաջին առավելությունը պատասխանատու լինելն է: Դա կաղում է էլեկտրոնային լրատվամիջոցների շրջանում: Տպագիր մամուլը շատ պատասխանատու է, մեծ ուշադրություն է դարձնում բովանդակությանը: Այսօր, կարծես թե, գրագիտության շեմն իջել է, և տպագիր մամուլը փորձում է այդ շեմը պահել: Թվում է, թե կետադրական, ուղղագրական սխալները երկրորդական են այս արագության մեջ, սակայն սերունդ է կրթվում այդ նորություններով»,- ասաց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի պատասխանատու խմբագիր Արմեն Հովակիմյանը:

Նրա կարծիքով՝ էլեկտրոնային լրատվամիջոցների բովանդակությունը հաճախ կրկնվում է, թերթերի դեպքում այդպես չէ: Թերթերն ունեն իրենց թեման և բովանդակությունը, փորձում են բազմազան և խորքային լինել:

«Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր  Ելենա Կուրդիյանի կարծիքով՝ որքան էլ ուզում են ասեն, թե տպագիր մամուլը մեռնելու է, միևնույն է էլեկտրոնային լրատվամիջոցները երկար կյանք չունեն՝ թեկուզ այն պատճառով, որ ամեն լույս տեսած նյութը փոփոխման ենթակա է: «Սակայն թղթի վրա եղած նյութերը կմնան արխիվներում, և դարեր հետո պատմաբանները մեր թերթերից կստանան ներկայիս պատկերը: Այդ պատմական պատասխանատվությունը պետք է զգանք տպագիր մամուլը պատրաստելիս»,-նշեց նա:

Սակայն, խմբագիրը նշեց, որ մինչ էլեկտրոնային մամուլի հայտնվելը տպագիր մամուլն իր հասույթի 20 տոկոսն ստանում էր վաճառքից, իսկ 80 տոկոսը՝ գովազդից: Իսկ հիմա վիճակը փոխվել է, գովազդատուները նախընտրում են էժան և արագ տարբերակները: «Մենք զրկվել ենք մեր հիմնական ապրելու միջոցից: Որտեղից ենք մենք գտնելու կորցրածը, այդ հարցի պատասխանը չունեմ դեռ»,- նկատեց Կուրդիյանը: Նրա կարծիքով՝ պետք է փնտրել և գտնել լուծումներ:

Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկած «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում մեդիա ոլորտի մասնագետներն ու փորձագետները քննարկում են լրատվամիջոցների ապագային վերաբերող հարցերն ու լրատվական ինդուստրիայի զարգացման հեռանկարները:

Մեդիաֆորումը կազմակերպվել է «Արմենպրես» լրատվական գործակալության և ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]