Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է լինել ԱԺ-ում երկրորդ ուժը

«Լուսավոր Հայաստան»-ը պատրաստվում է լինել ԱԺ-ում երկրորդ ուժը

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պատրաստվում է լինել ԱԺ-ում մեծությամբ երկրորդ ուժը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր, նախընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը:

«Այս ընտրությունները Հայաստանի պատմության համար իրապես շատ կարևոր նշանակություն ունեն, և դեկտեմբերի 9-ին Հայաստանում փակվելու է այն շրջափուլը, որը կապված է իրականացված հեղափոխության հետ: Դեկտեմբերի 9-ից հետո Հայաստանում սկսվելու են կառուցելու, համակարգ ստեղծելու ժամանակաշրջան, որտեղ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, անկասկած, ունենալու է իր ուրույն ներդրումը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է ընտրությունների արդյունքներով երկրորդ քաղաքական միավորը լինելու հայտ, որովհետև առաջին միավորի հարցն ըստ էության լուծված է, հեղափոխությունն այդ խնդիրն արդեն լուծել է: Հեղափոխություն իրականացրած ուժը, բնականաբար, ձևավորելու է քաղաքական մեծամասնություն: Դեկտեմբերի 9-ին քաղաքացիները ընտրելու են ընդդիմություն»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանի խոսքով` նախընտրական քարոզարշավի ժամանակը կարճ է, այդ պատճառով իրենք այն կիրականացնեն երկու ուղղությամբ:

«Մենք փորձելու ենք «ծածկել» հանրապետության ամբողջ տարածքը: Համամասնական քարոզարշավ իրականացնող, այսինքն` հանրապետության ամբողջ տարածքով շրջող խումբը, որը ես եմ առաջնորդելու, լինելու է հանրապետության 47 համայնքներում, իսկ քարոզչության մյուս խումբը, տիկին Թանդիլյանի գլխավորությամբ, լինելու է Երևան քաղաքում»,- նշեց Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի «Լուսավորի'ր Հայաստանը» կարգախոսով, իսկ քարոզարշավը կսկսի Ագարակ քաղաքից:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]