1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ներքաղաքական ճգնաժամից խուսափելու Նեթանյահուի ջանքերը մերձավորարևելյան զարգացումների համապատկերում

Ներքաղաքական ճգնաժամից խուսափելու Նեթանյահուի ջանքերը մերձավորարևելյան 
զարգացումների համապատկերում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելապաղեստինյան հակամարտության շրջանում տեղ գտած վերջին սրացումները լուրջ քաղաքական հետևանքներ ունեցան Իսրայել պետության համար: Դեռևս ընթացիկ տարվա մարտի վերջից պաղեստինցիների կողմից կազմակերպված ամենամյա «վերադարձի երթ» անունը կրող ակցիայի միջոցով մեկնարկած պաղեստինյան բողոքի գործողությունների հերթական շրջափուլն իր գագաթնակետին հասավ նոյեմբերի կեսերին: Հարկ է նշել, որ անցած 7 ամիսների ընթացքում հատկապես Գազայի հատվածում լարվածությունը համեմամատական աճի միտումներ է դրսևորել առանձին գործընթացների ազդեցությամբ, մասնավորապես՝ Իսրայել պետության հիմնադրման 70-րդ տարեդարձի միջոցառումներով պայմանավորված, ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխման հետևանքով և այլն, սակայն հիմնականում Եգիպտոսի միջնորդությամբ բախումները չեն վերաճել առավել լայն առճակատման: Մինչդեռ իրենց մասշտաբներով ամենալուրջ ընդհարումները գրանցվեցին նոյեմբերի 12-13-ին, որոնց հետևանքով Գազայի հատվածից Իսրայել պետության ուղղությամբ արձակվեց շուրջ 460 հրթիռ, իսրայելական կողմը դրանց պատասխանեց շրջանում գործող «ՀԱՄԱՍ» և «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորումների՝ ավելի քան 160 ռազմական օբյեկտներին հասցված հարվածով, երկու կողմերն էլ ունեցան մարդկային կորուստներ: Այս լարվածությունն աննախադեպ էր 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին իսրայելական ԶՈւ-ի կողմից շրջանում նախաձեռնված «Անխորտակելի ժայռ» ռազմագործողությունից հետո:

Վերջին սրացման պատճառը իսրայելական հատուկ ջոկատայինների կողմից Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիսի շրջանում իրականացված հատուկ գործողությունն էր, որի հետևանքով սպանվեցին «ՀԱՄԱՍ-ի» ռազմական թևը հանդիսացող «Իզ ալ-դին ալ-Կասամ» խմբավորման 7 ակտիվիստներ, ինչպես նաև՝ իսրայելական բանակի փոխգնդապետ: Հերթական դիմակայությունը դարձյալ հնարավոր եղավ կանգնեցնել Եգիպտոսի ակտիվ ջանքերի շնորհիվ, մինչդեռ նման հանգուցալուծումը միանշանակ չընդունվեց Իսրայելում: Հրեական պետության հասարակական-քաղաքական շրջանակներում իրավացիորեն շեշտադրվում էր այն հանգամանքը, որ իսրայելական կողմի պատասխանն անհամարժեք է, կառավարությունից և հատկապես ՊՆ-ից պահանջվում էր անգամ լայնամասշտաբ գործողություն իրականացնել Գազայում՝ «պաղեստինյան ահաբեկչական խմբավորումներին վերջնականապես ծնկի բերելու պահանջով», ինչը, սակայն, տեղի չունեցավ: Իսրայելի ՊՆ Ավիգդոր Լիբերմանը, ով նաև կողմնակից էր առավել կտրուկ գործողությունների, և, ըստ էության, հենց նրա անմիջական գիտությամբ էր կազմակերպվել Խան Յունուսի հատուկ գործողությունը, նոյեմբերի 14-ին հրաժարական տվեց, իսկ նրա գլխավորած «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը դուրս եկավ կառավարող կոալիցիայից: Լիբերմանն իր հրաժարականը պատճառաբանեց 2 հիմնավորմամբ՝ նախ նոյեմբերի 9-ին Գազայի հատվածին Կատարի կողմից տրամադրված 15 մլն դոլար օգնությունն արտոնելու, ապա նաև՝ «ահաբեկչության դեմ կապիտուլյացիայից» հրաժարվելու տեսակետերով:

Իրականում, Լիբերմանի հիմնական նպատակը ՊՆ պաշտոնում առավել առարկայական հաջողությունների արձանագրումն էր շուրջ 1 տարի անց Իսրայելում նախանշված հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ, այլապես նա, փաստացի,  հայտնվելու էր բարդ քաղաքական իրավիճակում, քանի որ այդ պաշտոնին գտնվելու 2,5 տարիների ընթացքում, ըստ էության, չի իրականացրել երկրի անվտանգության հարցում սեփական տեսլականի որևէ բաղադրիչ, որ ներառված էին նրա ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական խոստումների ցանկում: Հետևաբար, ստեղծված իրավիճակում հանդես բերելով ցուցադրական սկզբունքայնություն, Լիբերմանն ընդամենը փորձ կատարեց նվազագույն հաղթաթուղթ ձեռք բերել ակնկալվող ընտրություններից առաջ՝ «թուլության» ողջ պատասխանատվությունը թողնելով կառավարության, հակապես վարչապետ Բենյամին Նեթանյահուի վրա: Հարկ է նշել, որ խիստ սահմանափակ ընտրազանգված (հիմնականում նախկին ԽՍՀՄ-ից հայրենադարձված ընտրողերը) ունեցող և իսրայելական իշխանության բարձրագույն շրջանակում լիարժեք վստահություն չվայելող Լիբերմանի քաղաքական կարիերայում նման իրավիճակային մանևրը եզակի չէ: Նախկինում առնվազն 2 անգամ՝ դարձյալ պաղեստինյան հիմնախնդրով պայմանավորված, Լիբերմանը լքել է կառավարող կոալիցիաները՝ հանգեցնելով դրանց տապալմանը:

Լիբերմանի հրաժարականը խրթին իրավիճակ ստեղծեց վարչապետի գլխավորած կոալիցիայի համար (Կնեսետի 120 տեղից միայն 61-ն է ներկայում պատկանում կոալիցիոն ուժերին). քաղաքական և լրատվական դաշտում սկսեց ակտիվորեն շրջանառվել արտահերթ ընտրությունների անխուսափելիության վարկածը: Իրադրությունն ավելի բարդացավ, երբ ՊՆ պաշտոնի նկատմամբ հավակնություններ դրսևորեց Նեթանյահուի կոալիցիոն գործընկեր «Հրեական տուն» կուսակցության առաջնորդ Կրթության նախարար Նեֆթալի Բենեթը՝ մերժման դեպքում սպառնալով հրաժարական ներկայացնել և տապալել կոալիցիոն կառավարությունը: ՊՆ պաշտոնին Բենեթի նշանակմանը դեմ էին Նեթանյահուի մյուս կոալիցիոն գործընկերները, հատկապես Ֆինանսների նախարար և «Քուլանու» կուսակցության առաջնորդ Մոշե Քահլոնը. հետևաբար իրավիճակն, իրոք, պատային էր:

Մինչդեռ Նեթանյահուին որևէ կերպ ձեռնտու չէր ներկա ժամանակահատվածում կոալիցիայի փլուզումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որի համար կարելի է թվարկել հետևյալ առնվազն 4 պաճառները՝ հետևյալ պայմանական հաջորդականությամբ՝

  1. Անգամ քարոզչական և հոգեբանական տեսանկյունից Իսրայելին ձեռնտու չէ, որպեսզի երկրում առաջացած ներքաղաքական ճգնաժամը պաղեստինյան խմբավորումները ներկայացնեն որպես երկկողմ դիմակայության շրջանակում արձանագրված հերթական հաղթանակ, որի փորձն արդեն իսկ արվել է անցած օրերի ընթացքում:
  2. Առաջիկայում Դոնալդ Թրամփի կողմից ներկայացվելիք իսրայելապաղեստինյան հիմնախնդրի հանգուցալուծմանը միտված ծրագրի(«դարի գործարք») պաշտոնական ներկայացումից առաջ անհրաժեշտ է, որպեսզի նախ Իսրայելի ներսում լինի կայուն ներքաղաքական իրավիճակ, ինչպես նաև հակամարտ կողմերի միջև լարվածության ցածր մակարդակ, ինչն առավել ընկալելի կդարձնի նրանց համար ամերիկյան ծրագրի բովանդակությունը:
  3. Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող զարգացումների համատեքստում, երբ ակտիվ շրջափուլ են մտել Իրանի քաղաքական, տնտեսական մեկուսացման, Սիրիայից Իսրայելին ուղղված սպառնալիքներին դիմակայելու գործընթացները և այլն, կարևոր է, որ իսրայելական իշխանությունները չկենտրոնանան ներքաղաքական խնդիրների վրա: Այս ուղղությունը հանգուցային է հատկապես ԱՄՆ-ի տարածաշրջանային մյուս դաշնակցի՝ Սաուդյան Արաբիայի իշխող ընտանիքի հետ կապված միջազգային սկանդալի պայմաններում՝ կապված Ստամբուլում սաուդցի այլախոհ գործչի սպանության աղմկահարույց միջադեպի հետ:
  4. Գազայի հատվածում տեղ գտած վերջին զարգացումների, հատկապես Իսրայելի «անհամաչափ պատասխանի» ֆոնին համեմատաբար նվազել է Նեթանյահուի և նրա գլխավորած «Լիքուդ» կուսակցության վարկանիշը, հետևաբար վարչապետին անհրաժեշտ է հնարավորինս երկարաձգել ընտրությունների ժամկետները՝ կորցրած հեղինակությունը վերականգնելու նպատակով:

Հետևաբար, թվարկված հանգամանքների համատեքստում Իսրայելի վարչապետը բոլոր հնարավոր ջանքերը գործադրեց՝ գոնե ժամանակավոր հանգուցալուծման հասնելու և ճգնաժամից խուսափելու համար: Բենեթի և մյուս կոալիցիոն գործընկերների հետ ակտիվ բանակցություններից հետո Նեթանյահուն նոյեմբերի 18-ին ունեցած տեսաուղերձում հայտարարեց, որ համատեղելու է վարչապետի և ՊՆ-ի պաշտոնները՝ հրաժարվելով ԱԳՆ-ի պաշտոնից, որին էլ կնշանակվի, մեծ հավանականությամբ, դարձյալ նրա գլխավորած «Լիքուդ» կուսակցության ներկայացուցիչ:

 Իսկ մյուս կոալիցիոն գործընկերը, իրավացիորեն գիտակցելով այս ժամանակաշրջանում երկրի քաղաքական կայունությունը պահպանելու կարևորությունը, հրաժարվում են կոալիցիան տապալելու պատասխանատվությունից՝ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը թողնելով վարչապետի վրա՝ կանխավ նաև սեփական հոռետեսությունը ներկայացնելով կառավարության արդյունավետ կենսագործունեության հարցում:

Արմեն Պետրոսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]