Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զբոսաշրջության կոմիտեի, «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի և «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ի համագործակցությունը տեղափոխվում է նոր հարթություն

Զբոսաշրջության կոմիտեի, «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի և «Տուրիզմի 
հայկական ֆեդերացիա»-ի համագործակցությունը տեղափոխվում է նոր հարթություն

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ն անցկացրեց իր առաջին ընդհանուր ժողովը, որի շրջանակում համագործակցության հուշագիր ստորագրվեց ֆեդերացիայի, Զբոսաշրջության կոմիտեի, «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի միջև: «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ նպատակ են հետապնդում լինել կարևոր հարթակ պետության ու մասնավոր հատվածի միջև:

«Ֆեդերացիան ստեղծվել է Հայաստանում ներգնա տուրօպերատորների միության վերակազմավորման ճանապարհով: Այն էական ներդրում է ունեցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտում: Դեռ այն ժամանակվանից նվիրյալները համախմբվել են, համագործակցել են շահագրգիռ կողմերի հետ, ունեցել էական ձեռքբերումներ: Այսօր կար ոլորտը համախմբելու անհրաժեշտություն: Այս կազմակերպությունը որոշվեց վերակազմավորվել, դառնալ ֆեդերացիա, ապահովել համագործակցության հարթակ բոլոր շահագրգիռ կողմերի միջև»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մեխակ Ապրեսյանը:  

Նա ընդգծեց, որ կազմակերպության նպատակն է լինել պետության, Զբոսաշրջության կոմիտեի, «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի կողքին: Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ իհարկե, անհրաժեշտության դեպքում զերծ չեն մնալու քննադատությունից, սակայն այն լինելու է կառուցողական:

«Մենք հեռու ենք լինելու անհիմն «ամեն ինչ վատ է» արտահայտություններից, մենք համագործակցելու ենք, հանդես ենք գալու առաջարկություններով: Մեր դիրքորոշումն է լինել Զբոսաշրջության կոմիտեի, ընդհանուր առմամբ, մեր գործընկերների կողքին: Մեր աջակցությունն ենք հայտնում ոլորտի քաղաքականության իրականացման հարցում»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը նշեց, որ ողջունում է համագործակցության հուշագրի ստորագրումը: Նա կարևոր է համարում համագործակցության նոր հարթակ ստեղծելը:

«Ճիշտ է հուշագիրն իրենով դեկլարատիվ երևույթ է, սակայն քայլն ինքնին շատ կարևոր է: Պարբերաբար հանդիպումներ ոլորտի տարբեր խմբերի հետ արվել են և պետք է շարունակվեն, սակայն շատ կարևոր է, որ ոլորտը կարողանա համախմբվել և ներկայանալ որպես ամուր միավոր: Միայն միավորված համատեղ աշխատանքով կարող ենք արդյունքի հասնել: Ուրախ ենք, որ ձևավորվել է մեծ ու հզոր ֆեդերացիա, դաշտում կան նաև այլ միավորներ և մենք բոլորի հետ հավասար աշխատելու ենք»,- ասաց Հռիփսիմե Գրիգորյանը: Զբոսաշրջության կոմիտեն կողմ է, որ լինեն ուժեղ կառույցներ: Նա հայտնեց, որ կստեղծվի աշխատանքային խումբ, կլինեն շարունակական հանդիպումներ, ինչը կամրապնդի ու ինստիտուցիոնալ մակարդակի վրա կբերի համագործակցությունը:  

«Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ի տնօրեն Արա Խզմալյանը, ընդհանուր ժողովի մասնակիցներին շնորհավորեց նման ծանրակշիռ հարթակի ձևավորման կապակցությամբ: Նա ընդգծեց, որ փորձառու մարդիկ են համախմբված այս գաղափարի շուրջ:

«Վստահ եմ, որ ֆեդերացիայի մոդելը հնարավորություն կտա ավելի համակողմանի մոտեցում ցույց տալ խնդիրներին: Այս գաղափարը նոր չէ, արդեն երկու տարի է՝ խոսում ենք այս մասին: Ուրախ եմ, որ այսօր եկել է այդ պահը՝ մենք համագործակցության հուշագիր ենք ստորագրում: Կարծում եմ՝ սա լավ մեկնարկ է իրականություն դարձնելու այն ամենը ինչի մասին խոսել ենք: Առաջիկա անելիքների հետ կապված ակնկալում եմ լուրջ քննարկումներ, հատկապես՝ միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու հետ կապված»,- ասաց Արա Խզմալյանը: Նա նշեց, որ կարևոր է մոդելի մշակումը, որով, պետական միջոցներն ու մասնավորի ներդրումները մեկտեղելով, հնարավոր կլինի ավելի հեշտ հասնել երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը:   

Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ  «Տուրիզմի հայկական ֆեդերացիա»-ին անդամակցում են ներգնա, արտագնա զբոսաշրջային օպերատորներ, հանրային սննդի, հյուրանոցային ծառայություններ մատուցող ընկերություններ, ցուցահանդեսների, փառատոնների կազմակերպիչներ, հասարակական միավորումներ, ուսումնական հաստատություններ: Նա ընդգծեց, որ լինելու են կապող օղակ պետության ու հասարակական հատվածի միջև՝ հանդիսանալով համագործակցության հարթակ: Մեխակ Ապրեսյանը նաև տեղեկացրեց, որ նոր հայտեր են ստացել ֆեդերացիային անդամակցելու  համար:

«Զբոսաշրջային լրագրողների հայկական ասոցիացիա»-ի վարչության անդամ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության արտաքին կապերի գծով փոխտնօրեն Միհրան Միրխավորյանը նշեց, որ ասոցիացիան հայտ-դիմում է ներկայացրել ֆեդերացիային անդամակցելու համար:

«Պատրաստակամություն ենք հայտնում լայնորեն լուսաբանել ֆեդերացիայի, անդամների գործունեությունը, համակողմանիորեն անդրադառնալ ոլորտի հացերին և մեր միջազգային գործընկերներին ներկայացնել այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի զբոսաշրջային շուկայում»,- շեշտեց Միհրան Միրախորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]