Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Հայաստանը ՉԺՀ բարեկամ գործընկերն է տարածաշրջանում. Երևանում կայացավ ՉԺՀ բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակի գիտաժողով


ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը Հայաստանը համարում է բարեկամ գործընկեր տարածաշրջանում, և Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկար է տեսնում ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Ինպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի  21-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը: Նրա խոսքով` ներկայումս Հայաստանը և Չինաստանը շատ լավ  հարաբերություններ ունեն: 

«Չինաստանը համարվում է տնտեսական գերտերություն, և ավելի քան 130 երկիր մեր երկիրը համարում է համար մեկ գործընկերը: Մեզ համար առանց բացառության բոլոր երկրները հետաքրքրություն են ներկայացնում: Այս պարագայում Հայաստանը մենք դիտարկում ենք բարեկամ գործընկեր տարածաշրջանում: Մենք տեսնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում»,- ասաց Ըրլոնգը:

Նա նկատեց, որ այս տարի Չինաստանը նշում է բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակը և իրենց երկրի համար այդ իրադարձությունը, որը  փոխել է Չինաստանի զարգացման ուղին, մեծ նշանակություն ունի:

«Կարծում եմ՝ այսօրվա գիտաժողովը արդիական խնդիրներ է բարձրացնում: Առաջին հերթին, մեզ հետաքրքիր է, թե ինչպես են Հայաստանում  տեսնում  Չինաստանի բարեփոխումների քաղաքականությունը և ինչպիսի հեռանկարներ կան հայ-չինական հարաբերությունների հետագա բարեփոխումների քաղաքականության իրականացման համատեքստում:

Բայց , միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ եթե այդ քաղաքականությունը բարեհաջող իրականացվեց Չինաստանում, պարտադիր չէ, որ այն բարեհաջող իրականացվի  այլ երկրներում: Այնպես որ, մենք այլ երկրների ուշադրությունը հրավիրում ենք մեր փորձի վրա, բայց չենք պարտադրում այն իրականացնել»,- եզրափակեց նա: 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում զեկուցողներն անդրադարձան պատմական, քաղաքական, տնտեսական և մշակութային հարցերի լայն շրջանակի:

Գիտաժողովին մասնակցել են ՀՀ կառավարության և խորհրդարանի անդամներ, մի շարք դեսպանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ Հայաստանից և այլ երկրներից:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ