Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Դեկտեմբեր

Արայիկ Հարությունյանը կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին


ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքին ընդառաջ տեսաուղերձ է հղել, որում կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ դրամահավաքին:

«Տասնամյակների ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանում և Արցախում մեծ ծրագրեր է իրականացրել: Այսօր Արցախն անճանաչելի է դարձել և դրա մեջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, մասնավորապես, ձեր դերը շատ կարևոր է: Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը ներկայացնում է ծրագիր՝ ուղղված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տնտեսության զարգացմանը: Կաթիլային համակարգ, խորքային հորեր, արևային էներգետիկա. Դրանք այն ուղղություններն են, որոնք ապագան են մեր երկրի: Տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության մեջ այսօր կարևոր է: Մրցունակ տնտեսություն ունենալու համար առաջին հերթին հարկավոր է ունենալ գրագետ տնտեսավարություն, իսկ դա պահանջում է տեխնոլոգիաների ներդրում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսաուղերձում ասել է Արայիկ Հարությունյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ այն, ինչ դրամահավաքի ընթացքում համահայկական ուժերով կհավաքվի,   ուղղվելու է հանուն մեր երկրի ու ապագայի: «Նաև ուզում եմ վստահեցնել ձեզ, որ այս տարիների ընթացքում, մանավանդ վերջին տարվա փորձը՝ ուղղված կաթիլային համակարգի, խորքային հորերի և արևային էներգետիկայի ոլորտին, արդեն իր դերակատարությունն ու մասնակցություն ունի, և մենք տարիների ընթացքում ականատես ենք լինելու, թե ինչ դեր է խաղալու Արցախի և Հայաստանի տնտեսության համար: Նորից ուզում եմ համոզված հայտարարել, որ համահայկական ուժերով հավաքագրված մեր բոլոր ռեսուրսները նպատակին են ծառայելու»,- եզրափակել է Հարությունյանը:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ