Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Արմեն Սարգսյանը Հայաստանում ներդրումներ կատարելու լավ նախադրյալ է համարում երկրի ֆինանսատնտեսական և բանկային համակարգի կայունությունը

Արմեն Սարգսյանը Հայաստանում ներդրումներ կատարելու լավ նախադրյալ է համարում 
երկրի ֆինանսատնտեսական և բանկային համակարգի կայունությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն փաստը, որ Հայաստանում հայտարարված է և իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, աշխարհում աննկատ չի անցնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործարարների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Այդ պայքարն աննկատ չի մնում և ԱՄՆ-ում, և Ռուսաստանում և Եվրոպայում: Սա շատ դրական երևույթ է: Խոսքը ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի, այլ ընդհանրապես դատաիրավական համակարգը բարելավելու  քայլերի մասին է: Մենք ցանկանում ենք ունենալ  այն դատարանը, որի մասին մենք երազում ենք, որովհետև չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում ներդրումներ չեն կարող լինել, եթե մարդիկ դատարաններին չեն վստահում: Եթե ուշադիր լինենք աշխարհում ամենամեծ ներդրումային ծավալներ ունեցող երկրներն ունեն լավագույն դատաիրավական համակարգը»,- ասաց ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ շատ կցանկանար, որպեսզի Հայաստանում զարգանար նաև արբիտրաժային դատարանի մշակույթը:

ՀՀ նախագահը Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես սկսելու համար լավ նախադրյալ է համարում երկրի բանկային և ֆինանսատնտեսական համակարգի կայունությունը: «Ես ամեն առիթով ասում եմ, որ Հայաստանում  հեղափոխություն եղավ, բայց մեր դրամն ու բանկային համակարգը անփոփոխ մնացին: Սա հսկայական առավելություն է  մարդկանց գիտակցության մեջ, որ Հայաստանը կայուն տնտեսական համակարգ ունի, և, եթե Հայաստանում արժույթը և բանկային համակարգը դրամատիկ փոփոխությունների ընթացքում կայուն են մնում, հետևաբար կարելի է երկրին վստահել»,- ընդգծեց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այս տարվա ապրիլյան դեպքերը Հայաստանին բարձրացրեցին ամենաբարձր մակարդակի, որովհետև այսօրվա անկայուն աշխարհում մարդկային, գեղեցիկ ձևով տեղի ունեցող գործընթացները դառնում են արժեքավոր: «Հայաստանն այսօր ինչ-որ իմաստով յուրօրինակ, ունիկալ երկիր է, որտեղ մեծ փոփոխություն է տեղի ունեցել, պատմական փոփոխություն, հեղափոխություն է տեղի ունեցել, բայց՝ շատ պարզ և մարդկային ձևով: Եվ մենք ինչ-որ իմաստով յուրօրինակ ենք, որովհետև անկայուն աշխարհում կա մի տեղ, որտեղ իր ձևով հեղափոխություն է կատարվել: Այսինքն, սա ամենաբարձր մակարդակն է գործարար շրջանակներում մարդկանց գիտակցության մեջ, որ Հայաստանը տարբեր է, յուրօրինակ է, հետևաբար Հայաստանի  նկատմամբ վերաբերմունքն է տարբեր»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը մեր երկրի իմիջի համար դրական համարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բարձր մակարդակով անցկացումը Երևանում: Արմեն Սարգսյանն այդ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար շնորհակալություն հայտնեց գագաթնաժողովն Հայաստանում անցկացնելու համար աշխատանքներ տարած դիվանագետներին, ինչպես նաև կառավարությանը՝ միջոցառումը փայլուն կազմակերպելու և անցկացնելու համար: Արմեն Սարգսյանը հայտնեց, որ հրամանագրեր է ստորագրել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում ներդրում ունեցած մի խումբ անհատների պարգևատրելու մասին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]