Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

«Հայկական կինոյի իտալական էջերը» ձեռնարկը ներկայացնում է ոլորտում հայ- իտալական հարաբերությունների ամրությունը


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական ֆիլմերի սիրահարների դատին հանձնվեց «Հայկական կինոյի իտալական էջերը» ձեռնարկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ձեռնարկի ներկայացման միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում:

Նոյեմբերի 19-ին, Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակում ցուցադրվել է իտալական «Երջանիկ՝ ինչպես Լազարոն» ֆիլմը, որը Կաննի փառատոնում մրցանակի է արժանացել: Միջոցառմանը ներկա ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն ընդգծեց, որ ֆիլմն իրեն շատ է դուր եկել, բայց ավելի շատ իրեն հիացրել է դահլիճի լեփ-լեցուն լինելը: Դեսպանը ֆիլմը դիտել է երկու անգամ, առաջինը` օրիգինալ լեզվով, որն ուղեկցվել է անգլերեն մակագրերով, երկրորդն էլ՝ հայերեն մակագրերով: «Ֆիլմը երկու անգամ դիտել եմ և երկու անգամն էլ հիացած էի հայ հանդիսատեսով: Ֆիլմը ծանր էր, բայց հետաքրքիր խոհափիլիսոփայական մտքեր կային»,- նշեց դել Մոնակոն:

Անդրադառնալով հայ-իտալական հարաբերություններին, նա ասաց, որ դրանք բավականին հին արմատներ ունեն և հավելեց, որ կինոն և, ընդհանրապես, մշակույթն այդ հարաբերություններն ամրապնդելու գործիք են: Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը շեշտեց, որ միջոցառումը նվիրված էր կինոյում հայ-իտալական հարաբերությունների ամրությունը հստակեցնելուն: «Մի քանի օրում ստեղծել ենք ձեռնարկը, որը պատմում է հենց այդ հարաբերությունների մասին»,- եզրափակեց Խաչատրյանը:

Միջոցառմանը ներկա մշակույթի նախկին նախարար, «Դանթե Ալիգիերի» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ «Երջանիկ՝ ինչպես Լազարոն» ֆիլմն իր համար շատ անսպասելի բովանդակություն ուներ:

Հայաստանում նոյեմբերի 17-ին մեկնարկել է Եվրոպական ֆիլմերի փառատոնը, որի շրջանակում առաջին անգամ հայ հանդիսատեսին կներկայացվեն եվրոպական 11 երկիր ներկայացնող, ազգային և միջազգային մրցանակներ ստացած նոր ֆիլմեր: Ցուցադրությունները կազմակերպվելու են մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև Գյումրիում և Դիլիջանում: Մուտքն ազատ է լինելու այցելուների համար:

Փառատոնն անցկացվում է Մշակութային ժառանգության եվրոպական տարում, որի նպատակն է խրախուսել Եվրոպայի մշակութային ժառանգության առավել բացահայտումը և ամրապնդել ընդհանուր եվրոպական տարածքի մասը լինելու զգացումը:

Եվրոպական ֆիլմերի փառատոնը կավարտվի նոյեմբերի 30-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ