Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Երևան-Սևան ավտոճանապարհի հատվածը փակելու համար կալանավորված անձինք համաներման ակտով ազատ կարձակվեն


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցրած քաղաքացիներին և նրանց հարազատների պաշտպաններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանները ներկայացրել են իրենց բողոքը մեկ գործով անցնող 8  կալանավորված անձանց դատական նիստերի՝ իրենց պնդմամբ անհիմն ձգձգման, դատարանի կողմից խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու և այլ հարցերի  վերաբերյալ:

Նախարարի տեղակալը ներկայացրել է Արդարադատության նախարարության իրավասությունները, աջակցելու հնարավորությունները, նշել, որ նախաքննության փուլում գործադիր իշխանությունը որևէ կերպ միջամտելու իրավասություն չունի, միաժամանակ տեղեկացրել, որ մեղսագրվող հոդվածների վերաբերյալ ունեցած նախնական տվյալների ուսումնասիրության համաձայն՝ կալանավորված անձինք դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո համաներման ակտով ազատ կարձակվեն:

Սուրեն Քրմոյանը հորդորել է կալանավորված անձանց հարազատներին գործել միայն իրավական հարթությունում և չդիմել ծայրահեղ քայլերի: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ