Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մենք մեր քաղաքացիներին որևէ պարագայում կրկնակի չենք հարկի. Նիկոլ Փաշինյան

Մենք մեր քաղաքացիներին որևէ պարագայում կրկնակի չենք հարկի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում չի կարող լինել հարկային բեռի ավելացում առանց ժողովրդի համաձայնության, քաջալերանքի և մանդատի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրի մասին վերջին քննարկումներին:  

«Եկեք այն մոտեցումը մոռանանք, որ կառավարությունն ասում է՝ այսպես է ու վերջ: Քննարկվել է համընդհանուր հայտարարագրի գաղափարը ստվերի դեմ պայքարի տրամաբանությամբ: Սա չի նշանակում, թե ով հայտարարագիր է ներկայացնում, ապա պետք է հավելյալ հարկվի: Մենք բազմաթիվ երկրների հետ ունենք կրկնակի հարկումը բացառող օրենքներ, և մենք հիմա բոլորի հետ ենք ուզում նման օրենք ունենալ: Դրա համար մենք մեր քաղաքացիներին կրկնակի չենք հարկի որևէ պարագայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ վերջին օրերին որոշ հարցերի հետ կապված թյուրըմբռնման պահն օգտագործելով՝ հանրապետականները «ուղիղ եթերից դուրս չեն գալիս»: Նշեց, որ ինքը փոքր-ինչ պասիվ է ուղիղ եթերի առումով, բայց շուտով կվերադառնա:

«Նախընտրական շրջանում զգում եմ, որ մեր փորձագիտական որոշ շրջանակներ այսպիսի տրամաբանություն են առաջ քաշում, թե իբր ոչ ոք հարկ չպետք է վճարի կամ պետք է վճարել պակաս հարկեր, նույնիսկ ստվերը երբեմն օգտակար է, բայց դրան զուգահեռ պետք է ավելացվեն ռազմական ծախսերը, թոշակները, աշխատավարձերը, փողոցները լինեն կատարյալ վիճակում և այլն: Սա ի՞նչ մոտեցում է: Մենք պետք է հասկանանք, որ բյուջեն ձևավորվում է մեր բոլորի հարկերի հաշվին, մեր երկիրն ունի կարիքներ, և դրանք պետք է հոգալ, դա պետք է անել մեր համատեղ աշխատանքի արդյունքում: Չի կարող այնպես լինել, որ երկրում 350 հազար առաջնային հարկ վճարող քաղաքացի ունենալու դեպքում լուծենք բոլոր հարցերը՝ անվտանգություն, ենթակառուցվածքներ, կրթություն, ամեն ինչ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ այն մեկնաբանություններին, թե, իբր, ինքն ասել է, որ մեր ժողովուրդը ծույլ է: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ինքն ասել է՝ ժողովրդին թույլ չեն տվել աշխատել:

«Այո, նախորդ քաղաքական համակարգը խրախուսել է աղքատությունը: Ձեռնտու է եղել, որ մարդը չքավոր լինի: Տանեն ընտրություններից առաջ 10 հազար դրամ ցույց տան, ընտրողը պատգամավորի տառեր չիմացող թեկնածուին ասի՝ Աստված է: Տառեր չիմացողների քաղաքական թիմն էսօր մեր նախարարներին մեղադրում է, թե տառասխալներով է գրում: Ձեր պատգամավորներին ու նախարարներին մի հատ թելադրություն տայինք, 70 տոկոսը կկտրվեր քննությունից: Իրենց թվում է, թե կհաջողվի սոցիալական ցանցերում կեղծ էջերի միջոցով հանրային կարծիք ձևավորել: Թույլ չենք տալու, մենք մեր մի ճշմարտությամբ կջախջախենք բոլոր կեղծ էջերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]