Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Նոր թղթադրամների ներմուծմամբ հին թղթադրամները շրջանառությունից չեն հանվի

Նոր թղթադրամների ներմուծմամբ հին թղթադրամները շրջանառությունից չեն հանվի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի 10 հազար, 20 հազար և 50 հազար արժողությամբ թղթադրամները: Հազար, 2 հազար և 5 հազար  դրամանոց թղթադրամները հասանելի կլինեն դեկտեմբերի 25-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը:

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը միջազգային մրցույթ էր հայտարարել, որի պահանջները բավական խիստ էին, և արդյունքում գերմանական ընկերությունն է ստանձնել թղթադրամների տպագրման գործընթացը:

«Այս թղթադրամների առանձնահատկությունն այն է, որ դրանք հիբրիդ որակի են, այսինքն՝ բաղկացած են թղթից և պոլիմերային նյութերի համադրումից, որը թղթադրամներն առավել պաշտպանված է դարձնում: Նոր սերնդի թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն աստիճանաբար, քանզի թղթադրամների որակի ստուգման, ընդունման հետ կապված աշխատանքներ կան կատարելու»,-նշեց նա:

Դավիթ Նահապետյանը հիշեցրեց, որ երկրորդ սերնդի թղթադրամները շարունակելու են շրջանառության մեջ լինել, որևէ սահմանափակում կենտրոնական բանկի կողմից չկա:

«Երկրորդ սերնդի թղթադրամները կարող են անժամկետ օգտագործվել այնքան ժամանակ, մինչև մաշվածության պատճառով դուրս չբերեն շրջանառությունից: Նոր թղթադրամների հետ շրջանառության մեջ կմնա 100 հազար դրամ անվանական արժեքով՝ Աբգար արքայի պատկերով թղթադրամը»,-հավելեց նա:

Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարը նշեց, որ 100 հազար անվանական արժեք ունեցող թղթադրամ չեն ներդրել, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մեծ պահանջարկ չունի, քանի որ առավել մեծ գործարքները հիմնականում անկանխիկ են արվում: «Սկզբնական շրջանում նոր թղթադրամներով հնարավոր չի լինի վճարումներ կատարել տերմինալներում, քանի որ որոշակի տեխնիկական և ծրագրային փոփոխություններ պետք է լինեն, բայց այդ խնդիրը շատ արագ կլուծվի»,-ասաց նա:

Կենտրոնական բանկի արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանն էլ հավելեց, որ երրորդ սերնդի թղթադրամները որոշակի առումով նման են նախորդ սերնդի թղթադրամներին: «Թղթադրամների վրա բավական հագեցված ինֆորմացիա կա: Նոր թղթադրամները երեք շերտից են բաղկացած և յուրահատկությունների շնորհիվ դրանք հնարավոր չի լինի կեղծել»,-նշեց նա՝ հավելելով, որ թղթադրամները թեմատիկ առումով շատ հագեցված են, գեղեցիկ են, պաշտպանված և շատ գրագետ կառուցված:

 Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սեւակին, 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10 000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20 000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50 000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: 100 000-դրամանոցներ, ինչպես ասվեց, այլեւս չեն թողարկվի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]