Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Այստեղ սկսվում են քրիստոնյա աշխարհն ու Խորհրդային միության ավարտը. հունգարացի լրագրողները այցելել են Արցախ


ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախ այցելած հունգարացի բլոգերներ Ժոլտ Կերների (Kerner Zsolt) և Դավիդ Դերշենիի (Dávid Dercsényi) կողմից հունգարական առաջատար էլեկտրոնային կայքերում այցի վերաբերյալ հրապարակված հոդվածների համառոտ նկարագիրը:

Արցախ այցելած Հունգարացի լրագրող Ժոլտ Կերները հոդվածների շարք է հրապարակել Հունգարիայում մեծ լսարան ունեցող «24.hu» կայքում:

«Այստեղ սկսվում են Քրիստոնյա աշխարհն ու Խորհրդային միության ավարտը» վերնագրով հոդվածում Կերները համառոտ անդրադառնում է Արցախի դարավոր անցյալին: Արցախը, հեղինակի խոսքով, «եվրոպական քրիստոնեական քաղաքակրթության դարպասն է, իսկ Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրը, մարդկության բնօրրանը և նաև ջրհեղեղից հետո նոր կյանքի սկզբնավայրը»:

Հեղինակը ներկայացնում է Արցախյան հակամարտության արդի փուլի պատմությունը, նշելով, որ Արցախն ու Նախիջևանը Ադրբեջանին են հանձնվել Ստալինի կողմից: Հանգամանորեն ներկայացվում է 1988թ. սկսված Արցախյան շարժումը, որը որակվում է որպես Խորհրդային միության փլուզման սկիզբ:

Արցախյան այցին նվիրված իր շարքի երկրորդ հոդվածում հունգարացի լրագրող Կերները գեղարվեստական շարադրանքով անդրադառնում է ՀՀ-ից Արցախ տանող ճանապարհին, նկարագրելով հայկական բնությունը: Կերները ցորենի տեղ-տեղ այրված դաշտերը նմանեցնում է շախմատի խաղաղտախտակի՝ նշելով շախմատում հայերի ունեցած մեծ ժառանգության մասին: Նա անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանությանը, դրա հետևանքով աշխարհով մեկ սփռված հզոր հայկական սփյուռքին, որը նաև փորձում է նպաստել Արցախի միջազգային ճանաչմանը:

Կերները ներկայացնում է Ստեփանակերտի թողած տպավորությունները, ճարտարապետությունը, նրա բնակիչների յուրահատուկ մշակույթը: Ներկայացնում է նաև պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ ունեցած հանդիպումը, որի ժամանակ պետնախարարը խոսել է Արցախի տնտեսության, զարգացման հեռանկարների մասին: Կերների խոսքով՝ թեև Արցախը Հայաստանի հետ կապված է անհաշվելի թելերով, սակայն կան նաև տարբերություններ: Օրինակ՝ կառավարման ձևը նախագահական է, և երկիրը չնայած որոշ բացթողումների՝ նախագահական ժողովրդավարություն է:

Իր շարքի վերջին հոդվածում Կերներն անդրադառնում է հայ-հունգարական հարաբերություններին: Հեղինակը ընդգծում է հայ համայնքի մեծ ժառանգությունը Հունգարիայի պատմության մեջ՝ հատկապես տնտեսական բնագավառում: Կերները հանգամանորեն անդրադառնում է հայ սպային կացնահարած Սաֆարովի արտահանձնման հետևանքով երկու երկրների հարաբերություններում առաջացած ճգնաժամին: Լրագրողը նշում է, որ Հունգարիայում ևս բոլորի համար ապշեցուցիչ էր Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը Ադրբեջանում:

 Արցախ այցելած հունգարացի մեկ այլ լրագրող Դավիդ Դերշենին, ով  հունգարական ամենախոշոր կայքերից մեկը՝ «Hvg.hu»-ն է ներկայացնում, իր՝ “Լեռնային Ղարաբաղ. մենք գտանք հիանալի գանձեր չճանաչված երկրում” հոդվածում նկարագրել է սեպտեմբերին Արցախ կատարած այցից ստացած տպավորությունները, Ղարաբաղի «ֆանտաստիկ բնության գեղեցկությունը, պատմական հուշարձանները, որոնք գրավում են աշխարհի ավելի ու ավելի շատ թվով մարդկանց»:

Լրագրողը համառոտ անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությանը՝ ընդգծելով, որ 1920-ականների սկզբին “Արցախն ու հայկական պատմական այլ հողեր Ստալինի կողմից են բռնակցվել Ադրբեջանին”:

Հունգարացի լրագրողը անդրադարձել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի, արտգործնախարար Մասիս Մաիլյանի հետ ունեցած հանդիպումներին, որոնց ժամանակ պաշտոնյաները ներկայացրել են Արցախի տնտեսության զարգացման հեռանկարները, արտաքին քաղաքականության ուղղությունները:

Հոդվածագիրը հատուկ ուշադրություն է դարձրել Թումո տեխնոլոգիական կենտրոնին՝ նկարագրելով պատանիներին անվճար մատուցվող բարձրակարգ տեխնոլոգիական կրթությունն ու նորարարական կենտրոնի աշխատանքները:

Հոդվածում հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի պատմամշակութային ժառանգությանը: Հեղինակը նշում է, որ հայերն աշխարհում քրիստոնեությունն ընդունած ամենահին ազգն են, հիացմունքով նկարագրում այցերը հինավուրց վանքեր (Ամարաս, Դադիվանք, Գանձասար, Շուշիի Սբ. Ամենափրկիչ), Արցախի տեսարժան այլ վայրեր (Ջդրդուզ, Տնջրի):

Արցախի համեղ սննդով հիացած հունգարացի լրագրողը միաժամանակ նշում է, որ երկրի տուրիստական ներուժի փոքր մասն է օգտագործվում:

Դերշենին ընդգծում է արցախահայության քրիստոնեական հավատքի պատմական դերը, նշում Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ ունեցած հանդիպման մասին, անդրադառնում հայկական ազգային ավանդույթներին, արժեքներին, ընտանիքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ