1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանի բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն. Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի հայտարարությանը Բելառուսի ԱԳՆ արձագանքի մասին

Փաշինյանի բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն. Ալեն 
Սիմոնյանը՝ Փաշինյանի հայտարարությանը Բելառուսի ԱԳՆ արձագանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակից երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բեալռուսի ԱԳՆ խոսնակի  հայտարարությանը՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ Փաշինյանին զարմացրել է այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո  Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է դռնփակ ձևաչափում տեղի ունեցած նիստի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանն իր գրառման մեջ նշել է. «Ծանոթացա Բելառուսի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությանը և կարող եմ ասել հետևյալը. ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել եւ նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն: Ինչ վերաբերում է էթիկային եւ կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը, առայժմ գլխի չընկնելով, որ դա կասկածի տակ է դնում կառույցում դաշնակցային վստահելիությունը:

Նաեւ մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակից երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում, եւ ՀՀ վարչապետին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա»:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է կմեկնաբանի այն հանգամանքը, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը ներկայացրել է Ադրբեջանի դեսպանին, պատասխանել էր. «Մեր արտաքին գործերի նախարարությունն արդեն արձագանքել է: Հիմա պատկերացրեք նույն իրավիճակը կլինի, եթե ես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Դա ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ անդամ երկրների  ղեկավարները քննարկում են ունենում: Եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»,- նշել էր Փաշինյանը:

Նա մանրամասնել էր, որ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:  «Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք՝ քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի: Մեր արտաքին գործերի նախարարն էլ այսօր մեր դիրքորոշումը հստակ ձևակերպել է, և ես ուզում եմ ասել, որ մենք, կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ շրջանակներում մենք շատ  հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ, և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե  ինքը ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ և մյուսեները  ինչ պարտավորություն ունեն իր նկատմամբ»,- ընդգծել էր Փաշինյանը:

ՀՀ վարչապտի պաշտոնակատարը նշել էր, որ նոյեմբերի 16-ին ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նաև այդ հարցն է քննարկել: «Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը մեր գործընկերների հետ՝ Ռուսաստանի հետ, կշարունակենք Բելառուսի հետ, Ղազախստանի հետ, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ, որպեսզի ի վերջո հասնենք փոխըմբռնման»,- ասել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Հարցին որևէ պարագայում հնարավո՞ր է Բելառուսի թեկնածուի հարցում հայկական կողմը կոնսենսուսի գա, Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. «Մենք գործընկերային մթնոլորտում և միջավայրում ենք աշխատում, մենք կոռեկտությունը և հարգանքը մեր գործընկերների նկատմամբ պահպանում ենք և հույս ունենք և պահանջում ենք, որ նույն կերպ վարվեն նաև նրանք»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]