Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Գյուղատնտեսության նախարարությունը հարթակներ է ստեղծում գյուղարտադրանքը արտերկրում վաճառելու համար


ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախարարությունը գյուղատնտեսական արտադրանքը վաճառելու համար ստեղծում է հարթակներ, կազմակերպում է ցուցահանդեսներ, սակայն ինչպես և որտեղ վաճառելու հարցն արտադրողինն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 17-ին ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում-զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

Նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեցին, թե գյուղատնտեսության ոլորտում նոր բիզնես հիմնելու, արտադրանքը վաճառելու կամ արտահանելու հարցում ինչպիսի աջակցություն կարելի է ակնկալել: 

Գևորգյանը նկատեց, որ արտադրած ապրանքը որտեղ կամ ինչպես վաճառելու հարցը գյուղացու, արտադրողի խնդիրն է, իսկ նախարարությունը պետք է վաճառելու համար պայման ստեղծի: «Մենք իրականացնում ենք ներքին և արտաքին շուկաների ուսումնասիրություն, և տեղեկատվությունը, թե որ սեզոնին որ երկրում գնային ինչ սեգմենտներ կան, տրամադրելու ենք գյուղացիներին, արտադրողներին:   Այդ տեղեկատվությունը գործարարի համար դժվար կլիներ ստանալ»,-ասաց նա:

Գևորգյանը նշեց, որ արտահանման համար կարող են պլատֆորմ ստեղծել, սակայն ճիշտ չէ, որ պետությունն արտադրողի համար կազմակերպի վաճառք։ «Մենք հնարավորություն են ստեղծելու, որ մարդիկ վաճառեն իրենց ապրանքը: Պետք է աշխատենք հայկական բրենդների ուղղությամբ: Մեր ռազմավարության մեջ դրված է հայկական նոր բրենդների մշակման համար մարկետինգային գործիքների տրամադրումը: Հայկական գինիների շուկայի համար արդեն Չինաստանի հետ կնքել ենք պայմանագրեր՝ 1 մլն շշից ավելի գինի արտահանելու մասին: Մենք ստեղծում ենք հարթակներ, կազմակերպում ենք ցուցահանդեսներ, սակայն բիզնեսն ինքը պետք է զբաղվի իր ապրանքի վաճառքով»,-եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ