Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Լարիսա Ալավերդյանը բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն՝ ուղղված Բելառուսի և Ղազախստանի նախագահներին


ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը շատ բարձր է գնահատում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն՝ ուղղված Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն Ալավերդյանը նշեց, որ ՀԱՊԿ անդամ որևէ այլ երկիր իրավունք և հիմքեր չունի հավակնելու գլխավոր քարտուղարի պաշտոնին:

«ՀԱՊԿ կանոնադրությունը հստակ է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք տարի պետք է լինի մեկ երկիր: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կարող էին տարբեր դեպքեր տեղի ունենալ` Յուրի Խաչատուրովը կարող էր այդ պաշտոնից հեռանալ ուրիշ պատճառներով: Այպիսով`  Հայաստանը պետք է ամբողջ իր քաղաքական դաշտով հստակ  պահանջի ՀԱՊԿ-ից ենթարկվել  իրենց իսկ կանոնադրության նորմերին»,- ընդգծեց Ալավերդյանը:

Ալավերդյանը տեղին է համարում  Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի և Ղազախստանի նախագահներից պարզաբանումներ տալու պահանջը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո  Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել էր դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին, ինչպես նաև  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարությունը, որ  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:

«Փաշինյանի կողմից վերին աստիճանի տեղին, արժանապատվորեն ասվեց, որ պետք է պահանջվեն  պատասխաններ, որովհետև, եթե դու գործընկեր ես մի խմբի մեջ, բարի եղիր քո կեցվածքով և դրսևորումներով դա ցույց տալ, այլ ոչ միայն փաստաթղթով: Այս առումով Նիկոլ Փաշինյանի վերջին այս քայլերը դրական եմ համարում»,- ասաց Ալավերդյանը: 

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին որոշում երկրի ղեկավարները կընդունեն Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ