Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել


ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանն առաջարկում է կառուցել նոր թունել, որը թույլ կտա լուծել Սևանա լճի ջրային պաշարների հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նման առաջարկ արեց «Սևանա լճի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովին:

«Մենք դեմ ենք ոռոգման համար Սևանից ջրառ իրականացնելուն: Ոռոգման համար պետք է գտնենք համապատասխան աղբյուրներ, Սևանա լիճը խմելու ջրի շտեմարան է: Այն տնտեսության տեսակետից կարևոր աղբյուր է: Արփա-Սևան թունելով անհրաժեշտ քանակով ջուր պետք է տեղափոխենք Սևանա լիճ: Կա երեք ինժեներական խնդիր՝ Եղեգիս-Սևան հատվածը պիտի վերակառուցվի: Դրա նիշը գտնվում է ցածր մակարդակի վրա և խանգարում է անգամ 6 մետրով ջուրը բարձրացնելու համար: Մենք պետք է վերջին հատվածում կառուցենք նոր թունել՝ ավելի փոքր թեքությամբ, որպեսզի թունելի ելքի մակարդակը հասցնենք մինչ 1917 մետրի, որը կապահովի Արփա-Սևանի  ոչ ճնշումային աշխատանքը»,-ասաց Թոքմաջյանը:

Նրա կարծիքով՝  ներկայում այդ նոր թունելի կառուցումը շատ ավելի հեշտ է: Նա առաջարկեց նաև, որ Հրազդան գետի հոսքը համապատասխանեցնեն բնական հոսքին, այսինքն՝ Սևանից  50 մլն խմ-ից ավել բաց չթողնել: Ոռոգման համար պակասը ջրամբարաշինության միջոցով պետք է լրացվի:

Թոքմաջյանը նշեց, որ միամտություն է մտածելը, թե լճի մակարդակի բարձրացումը երկրին կարող է բերել տնտեսական վնաս: Մակարդակի բարձրացումը բազմաթիվ ուղղություններով շահեկան կլինի:

Նա նշեց, որ հետազոտությունները ցույց են տալիս, որ գոլորշիացումը և ջրի բարձրացումը շատ չեն փոխվելու: «Մեր կարծիքով՝ գոլորշիացումն ավելանալու է շուրջ 100 մլն խ.մ-ով: Վատ սցենարների դեպքում 200-218 մլն խ.մ.: Այդ ցուցանիշը ամբողջ համակարգում մեծ դեր չի խաղալու խնդրի լուծման համար»,-նկատեց մասնագետը:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ