Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Հույս ունեմ, որ կկարողանանք Ռոբերտ Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում. Նիկոլ Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը: Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և Արցախի հերոսի ծնողների ու հարազատների մասնակցությամբ ընթրիքի սեղանի շուրջ նշել իրենց ընկերոջ ծննդյան օրը:    

 «Այսօր Արցախի հերոս, բոլորիս սիրելի Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Առաջարկում եմ, որ այս բաժակով խմենք Ռոբերտի կենացը, նրա հերոսության կենացը և մեր բոլոր ընկած ու ապրող հերոսների կենացը: Խմենք նրա համար, որ մենք մեր կյանքով և գործունեությամբ արժանի լինենք նրանց հերոսությանը, նրանց զոհողություններին, որ նրանք արել են հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի, հանուն բոլորիս: Հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել Ռոբերտ Աբաջյանի ծնողներին՝ նման զավակ դաստիարակելու համար:  

Զրույցի ընթացքում երիտասարդները վարչապետի պաշտոնակատարին պատմել են բուժումից հետո ունեցած հաջողությունների և գործունեության մասին:  

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին: Այնտեղ տեղակայվելու են խաղային թերապիայի, ժամանցի սենյակները, ուսումնական լսարանները: Նախատեսվում է, որ նոր մասնաշենքի շինաշխատանքներն ավարտին կհասցվեն 2019 թվականի ամռանը: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ