Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Փայլանը Թուրքիայի ՆԳ նախարարին համարում է երկրի ներքին խաղաղության ամենամեծ սպառնալիքը


ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ երկրի ներքին անդորրը վտանգող ամենամեծ «գործոնը» հենց Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է:

Ինչպես գրում է թուրքական artigercek.com կայքը, Փայլանը մեղադրել է նախարարին ժողովրդի շրջանում միմյանց հանդեպ ատելություն ու խժդժություն սերմանելու, ընդդիմադիր գործիչներին սպառնալու և երկրի քրդաբնակ շրջաններում ինքնակառավարման մարմիններում պետական վերահսկիչներ նշանակելով՝ բռնապետական կարգեր հաստատելու համար:

«Նախարարը հեռախոսով սպառնացել է երկրի երրորդ ամենամեծ կուսակցության համանախագահին: «Շաբաթօրյա մայրեր» ակցիայի մասնակից մայրերը 700 շաբաթ շարունակ նստել են այդ հրապարակում, այսօրվա ՆԳ նախարարը դուրս է գալիս, այդ կանանց «ահաբեկիչ» է ասում: Այս նախարարը երկրի ներքին խաղաղության համար մեծ սպառնալիք է, այս երկրի խաղաղության դեմ ամենամեծ սպառնալիքը նման նախարարի դիրքորոշումն է», - ասել է Փայլանը:

Նա նաև հիշեցրել է որպես «ահաբեկիչ» բանտերում հայտնված բազմաթիվ ընդդիմադիր լրագրողների ու հասարակական գործիչների մասին:

«Հասարակության մի մասը ՆԳ նախարարի արածների համար ասում է «բրավո», մի մասն էլ ասում է, թե. «Ա՛յ ընկեր, պետությունն ինչո՞ւ է ինձ տանջում»: Այս երկրում կան հայրեր, որոնք ինքնասպան են եղել, քանի որ իրենց երեխայի համար տաբատ չեն կարողացել գնել, իրենց հողը մշակել չկարողացող գյուղացիներ, իրենց երեխային ծախսի գումար տալ չկարողացող պետական աշխատողներ:

Այս մասին նոր բյուջեի նախագծի մեջ խոսք չկա», - նշել է հայ պատգամավորը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ