Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

ԱՄՆ-ը Ֆեթուլլահ Գյուլենին դեռևս չի արտահանձնի Թուրքիային


ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստվում ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում որպես վտարանդի բնակվող իսլամի թուրք քարոզիչ, «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնել Թուրքիային: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը հայտնել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը դեռևս  շարունակում է քննության առնել թուրքական կողմի՝ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ դիմումն ու այդ դիմումում նշված փաստարկները:

Սպիտակ տունը քննարկում է չափավոր իսլամի թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ԱՄՆ-ից արտաքսելու հնարավորությունը:  Այս մասին հաղորդել էր  է NBC հեռուստաընկերությունը:

Ամերիկյան կողմն նոյեմբերի 14-ին հայտարարել էր, որ որոշել են 4 բարձրաստիճան անձանցից կազմված պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը Գյուլենի մասնակցությունը հետաքննելու նպատակով:

Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այն ժամանակ մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարներն իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:

Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Թուրքիայի իշխանությունները նրան են մեղադրում երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջում ԱՄՆ իշխանություններից արտահանձնել Գյուլենին:

76-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:

Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ