Հայ ֆուտբոլիստների ֆիզիկական որակները զարմացրել են Խավիեր Մինյանոյին
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության գծով նոր մարզիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խավիեր Մինյանոյին զարմացրել է մեր հավաքականը:
«Ես շատ բան չգիտեի Հայաստանի մասին, ինչպես նաև ֆուտբոլիստներին լավ չէի ճանաչում: Հիմնական խնդիրս այն է, որ բոլորը հնարավորինս լավ ֆիզիկական վիճակում լինեն: Հարկավոր է, որ ամբողջ թիմը ֆիզիկական նույն մակարդակի վրա գտնվի: Ինձ զարմացեց, թե ինչպիսի ինտենսիվությամբ էին ֆուտբոլիստները մարզվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մասնագետի խոսքերը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
ՀՖՖ-ն պայմանագիր է ստորագրել իսպանացի մասնագետ Խավիեր Մինյանոյի հետ, որը համալրել է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբը և պատասխանատու է լինելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության համար:
Խավիեր Մինյանոն ֆիզպատրաստության գծով ամենահայտնի մասնագետներից է Եվրոպայում: 11 տարի աշխատել է Մադրիդի «Ռեալում»: Այդ ընթացքում 2 անգամ՝ 2000 և 2002 թվականներին, նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ ընդգրկված լինելով Վիսենտե Դել Բոսկեի մարզչական շտաբում: Մինյանոն 8 տարի ընդգրկված է եղել նաև Իսպանիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ այդ ընթացքում դառնալով աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:
Խավիեր Մինյանոն աշխատել է նաև թուրքական «Բեշիքթաշում» և իսպականան «Ռասինգում», իսկ իսպանացու վերջին աշխատատեղը եղել է Հարավային Կորեայի ազգային հավաքականը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում