Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խորհրդարանական ընտրությունները ֆիքսելու են հեղափոխության արդյունքները. Ալեն Սիմոնյան

Խորհրդարանական ընտրությունները ֆիքսելու են հեղափոխության արդյունքները. Ալեն 
Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք բաժանելը անթույլատրելի է լինելու իշխանության, հետևաբար նաև` բոլոր քաղաքական ուժերի համար: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով` ընտրությունները ֆիքսելու են հեղափոխության արդյունքները և մերժելու են Հանրապետական կուսակցությանը: «Արմենպրես»-ը առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին խոսել է պատգամավորի հետ:

-Պարոն Սիմոնյան, առաջիկա ընտրություններին, փաստորեն, հանդես եք գալու «Առաքելություն» կուսակցության հետ դաշինքով, ինչո՞վ է պայմանավորված այս ընտրությունը, ինչո՞ւ հենց «Առաքելության» հետ:

-Ոչ մի անակնկալ չկա, մենք Երևանի ավագանու ընտրություններին ևս մասնակցեցինք այդ կուսակցության հետ: Դա մոտեցումների և բանակցությունների հետևանք է:

-Նշել էիք, որ ձեր նախընտրական ցուցակում անակնկալներ չեն լինի, ցուցակն արդեն հայտնի է, փաստորեն, դրանում կան լրագրողներ, մարզիկներ, սա անակնկա՞լ չէր արդյոք հանրության համար:

-Անակնկալ, օդիոզ դեմքեր չկան: Ասում էին, թե հանրապետականներ են լինելու, ասում էին, թե Հովհաննես Ազոյանն է լինելու, այդ առումով ոչ մի անակնկալ չկա: Երեք լրագրող են որպես այդպիսին ներառված ցուցակում: Կարծում եմ, որ չենք կարող ասել, որ այսինչ թեկնածուն անակնկալ էր: Մեծ անակնկալներ, իրոք, չկային:

-Հատկապես անակնկալ էր Արսեն Ջուլֆալակյանի թեկնածությունը, նրան երբեք քաղաքականության մեջ չենք տեսել:

-Վստահ եմ, որ նա կկարողանա:

- Պարոն Սիմոնյան, ՀՀԿ խմբակցության պատգամավորները նշում են, թե այս ընտրությունները ոչ թե խորհրդարան, իշխանություն, այլ ընդդիմություն ձևավորելու ընտրություններ են: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը, խորհրդարանական ընտրություններն արդյոք միայն ընդդիմությա՞ն հարցը պետք է որոշեն:

-Ոչ, այս խորհրդարանական ընտրությունները ֆիքսելու են հեղափոխության արդյունքները   ու մերժելու են Հանրապետական կուսակցությանը:

-Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հարցազրույցներից մեկում նշել է, թե իրենք միակ ուժն են, որ կարող են հակակշռել վարչապետի քաղաքական ուժին: Դուք նրանց ձեզ հակակշռող ուժ համարո՞ւմ եք:

-Ոչ, ես համարում եմ, որ Հանրապետական կուսակցությունը պետք է մոտակա տասնամյակում հեռու մնա քաղաքական դաշտից: Միգուցե այդ պարագայում ՀՀ քաղաքացին կկարողանա մոռանալ, ներել և ինչ-որ կերպ հետագայում կքվեարկի իրենց առաջարկություններին: Նրանք ընդդիմության հետ կապ չունեն, քանի որ մարդկանց չեն ճանաչում և նրանց խնդիրները չգիտեն: Դաշտում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, կուսակցություններ, որոնք շատ ավելի լավ ընդդիմություն կլինեն և մեզ լավ էլ կքննադատեն, եթե հանրապետականների ընդդիմության չափանիշը դա է: Նրանք մի անգամ էլ այդպես սխալվեցին, ասացին, որ ՔՊ-ն ընդամենը 7 տոկոս ձայն ունի, իսկ իրենք ՀՀ իշխանությունն են, սակայն, տեսանք, թե ինչ եղավ: Ինձ թվում է` նրանք մի որոշ ժամանակով պետք է հեռանան քաղաքական դաշտից, որպեսզի իրականության հետ կապը վերականգնեն:

-Այսինքն՝ դուք բացառո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն կանցնի խորհրդարան:

-Քաղաքացիները պետք է որոշեն, սակայն ես նրանց խորհրդարան անցնելը քիչ հավանական եմ համարում:

-Էդմոն Մարուքյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ ընտրություններում  «Իմ քայլը» դաշինքն ակնհայտ գերակայություն ունի և առաջին տեղով անցնելու է խորհրդարան, իսկ իրենք փորձելու են պայքարել երկրորդ տեղի համար: Դուք ունե՞ք այդ վստահությունը, որ ակնհայտ գերակայություն ունեք:

-Եթե ասեմ, որ նման կարծիք չկա, անկեղծ չի լինի, հույս ունեմ, որ այդպես կլինի: Սակայն ընտրությունը ժողովրդինն է, կարող է որոշեն, որ մեզ չեն քվեարկում, քվեարկում են նույն Էդմոն Մարուքյանի օգտին: Բայց կարծում եմ, որ այս փուլում ժողովրդի հետ միասին հեղափոխությունը պետք է հասցնենք ավարտին: Ուստի հույս ունեմ, որ մարդիկ կշարունակեն մեզ հետ համագործակցությունը:

-Պարոն Սիմոնյան, առաջիկա խորհրդարանական ընտրություններին կապահովվե՞ն հավասար պայմաններ բոլոր խմբակցությունների համար:  Ռեյտինգային ընտրակարգը, փաստորեն, պահպանվեց, մտավախություն չկա՞, որ, այսպես կոչված, թաղային հեղինակություններն ինչ-որ կերպ կկարողանան ազդել ընտրությունների արդյունքների վրա:

-Կասկած չունեմ, որ որևիցե մեկի մոտ չի առաջանա խնդիր թե տվյալների, թե կազմակերպման հետ: Վստահ եմ, որ կեղծելու, ազդեցություն ունենալու յուրաքանչյուր փորձ իրավապահ մարմինների կողմից իր հակազդեցությունն է ունենալու, և մենք բոլորս դրա ականատեսն ենք լինելու: Կարծում եմ, որ միանշանակ ոչ մի բան չի կարելի ասել, սակայն ես չեմ տեսնում այն թեկնածուներին, որոնց համար արժե ռիսկի գնալ և չեմ տեսնում այն քաղաքական իրավիճակը և քաղաքական արդյունքը, որի համար արժե ռիսկի դիմել: Կարիք չկա, որ շատ գործիչներ հայտնվեն ԱԺ-ում` տանիք ունենալու համար: Նրանք պետք է դա գիտակցեն:

-Նաիրա Զոհրաբյանը ԱԺ ամբիոնից ասաց` ռեյտինգային ընտրակարգն  ապաքաղաքականացնելու է այս ընտրությունները, ընտրակաշառք բաժանողները պատժվելու են քրեական օրենսգրքով նախատեսված դրույթներով: Բացի նրանից, որ հորդորում եք ընտրակաշառք չբաժանել, ուրիշ ի՞նչ լծակներ են լինելու ընտրակեղծարարությունները, ընտրակաշառք բաժանելը կանխելու համար:

-Իշխանությունը նախ քաղաքական կամք է դրսևորելու և իշխանական ռեսուրսը չի օգտագործելու: Չի թույլատրվելու գումար բաժանել, չեն թույլատրվելու այն արատավոր երևույթները, որոնց վրա նախկինում աչք էին փակում: Եվ եթե դա անթույլատրելի է իշխանության համար, ապա անթույլատրելի է նաև բոլորի համար: Եվ մնացած բոլորը նույնպես պետք է զերծ մնան նման քայլերից՝ կլինի մեր, թե այլ կուսակցության թեկնածու: Մեր ցուցակում չի կարող լինել այնպիսի պատգամավոր, որ փորձի անօրինական ձևով նման բաներ անել, մարդկանց ստիպել: Եթե լինի, նա կհեռացվի անպայման:

՞նչ  եք կարծում` ընտրություններից հետո արդեն նոր խորհրդարանում ո՞ր քաղաքական ուժը կլինի «Իմ քայլը» դաշինքի կողքին: Կոալիցիա կազմելու մտադրություն ունե՞ք:

-Կարևորը ժողովուրդը մեր կողքին լինի, մնացած քաղաքական ուժերը թող իրենք կողմնորոշվեն: Իսկ կոալիցիա կազմելու մասով դեռ չգիտեմ, ընտրությունների արդյունքները ցույց կտան:

Հարցազրույցը վարեց

Աննա Գրիգորյանը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]