Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» գիրքը նորովի ներկայացվեց հեղինակին նվիրված ցերեկույթին

Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» գիրքը նորովի ներկայացվեց 
հեղինակին նվիրված ցերեկույթին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չեխ ականավոր գրող Միլան Կունդերայի ամենահայտնի «Կեցության անտանելի թեթևությունը» գրքում հեղինակն անդրադառնում է իր հայրենիքում 1989 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը: Հեղափոխության 29-ամյակի կապակցությամբ նոյեմբերի 15-ին Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց  միջոցառում, որի շրջանակում ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ գրքի բովանդակությանը, գրողի կյանքին և գործունեությանը:

«Այս միջոցառմամբ ցանկանում ենք հայ ընթերցողների ուշադրությունը հրավիրել չեխ գրող Միլան Կունդերայի ստեղծագործության վրա: Մեզ համար կարևոր է նաև տոնել  մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության 29-ամյակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Միկիսկան:

Նա շեշտեց, որ Կունդերան հեռացել է հայրենիքից, քանի որ  քննադատաբար է վերաբերվել կոմունիստական ռեժիմին: «Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» նրա ամենահայտնի գործն է աշխարհում և բազմաթիվ մրցանակների է արժանացել: Դա վերջին գիրքն է, որը Կունդերան չեխերեն է գրել»,- ասաց դեսպանը:

Գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը նշեց, որ երկու տարի է աշխատել գրքի թարգմանության վրա: ««Կեցության անտանելի թեթևությունը» Միլան Կունդերայի ամենահետաքրքիր, ինքնատիպ վեպերից մեկն է, որն ամենևին թեթև չէ: Հեղինակին լավագույնս հաջողվում է բովանդակային, ոճական առանձնահատկությունների միջոցով ցույց տալ, թե  ինչպես է ժամանակակից հասարակությունը մարդու համար վերածվում ծուղակների մի բացատի, որտեղ անհատը թափառում է լաբիրինթոսային միջանցքներում ավելի ու ավելի անորոշ, տարտամ»,- ներկայացրեց Թամրազյանը:

Նրա խոսքով` Կունդերայի հերոսները զրկված են նույնիսկ ճիչի և հուսահատ թռիչքի հնարավորությունից:

Անդրադառնալով գրքում վառ նկարագրված հեղափոխությանը` թարգմանիչն ընդգծեց, որ իր համար այդ Էջերը ցնցող են, որովհետև հեղինակը խոսում է  վկայագրի ձայնով, որը օժտված է բացառիկ ճշմարտությամբ:

Ելույթները պարբերաբար ընդհատվում էին Կոմիտասի լարային քառյակի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան) կատարումներով:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ-ում Չեխիայի դեսպանատան նախաձեռնությամբ:

Միլան Կունդերան ծնվել է 1929 թվականի ապրիլի 1-ին Չեխոսլովակիայի Բռնո քաղաքում:  1975-ից ապրում է Ֆրանսիայում: Չնայած ազգությամբ չեխ է, ինքն իրեն համարում է ֆրանսիացի գրող և պնդում է, որ իր աշխատանքը պետք է ուսումնասիրվի որպես ֆրանսիական գրականության մաս:

Կունդերայի ամենահայտնի ստեղծագործությունը` «Կեցության անտանելի թեթևությունը» թարգմանվել և տպագրվել է նաև հայերեն։ Նրա գրքերը Չեխոսլովակիայում արգելված են եղել մինչև 1989 թվականի Թավշյա հեղափոխությունը, երբ կոմունիստական ռեժիմը տապալվել է։

Կունդերայի վեպերը հնարավոր չէ գաղափարախոսական դասակարգման ենթարկել։ Նա ինքը շարունակ պնդում է, որ  վիպասան է, ոչ թե քաղաքական կամ այլախոհ գրող։ Քաղաքական մեկնաբանություններն անհետացել են նրա վեպերից «Կեցության անտանելի թեթևությունը» գիրքը գրելուց հետո, բացի այն դեպքերից, երբ անդրադառնում է լայն փիլիսոփայական թեմաների։ Կունդերայի ոճը՝ համեմված փիլիսոփայական շեղումներով, ազդված է Ռոբերտ Մուզիլի և Ֆրիդրիխ Նիցշեի փիլիսոփայությունից:

Սկզբնական շրջանում Միլան Կունդերան գրել է չեխերեն։ 1993 թվականից սկսած` ֆրանսերեն։  Հայտնի են հեղինակի «Կատակը», «Հրաժեշտի վալսը», «Կյանքն այլուր է», «Դանդաղություն», «Ինքնություն», «Անտեղյակություն» և այլ վեպերը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]