Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել ՄԻԵԴ դիմելու հնարավորությունը


 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու  հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողների տված հարցին, թե  որոշումը ստանալուց հետո ո՞րն է լինելու հաջորդ քայլը, հնարավո՞ր է, որ իրենք դիմեն ՄԻԵԴ, Հայկ Ալումյանը պատասխանեց. «Շատ մեծ հավանականությամբ՝  այո»:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը բեկանել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:

Ըստ Հայկ Ալումյանի՝  Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ առաջին տպավորությունը բացասական է, սակայն նա նշեց, որ Վերաքննիչ դատարանում հնարավորություն կունենան իրենց ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը  քննարկման առարկա դարձնել:

«Ամբողջ տեքստը կստանանք, ավելի մանրամասն կկարողանամ կարծիքս ասել», - ասաց նա:

Վճռաբեկ դատարանը որոշումը հրապարակելիս նաև տեղեկացրել է, որ հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը՝ գտնելով, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

Հայկ Ալումյանը նշեց, որ իր տպավորությամբ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը ցանկանում է գործն ուղարկել Սահմանադրական դատարան:

«Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ պարոն Ավետիսյանը գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված հարցերը, ինչպես նաև նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու հետ կապված հարցերը մեր օրենսդրությամբ կարգավորված չեն  բավարար հստակությամբ, ու այդ հարցը պետք է Սահմանադրական դատարանի լուծմանը ներկայացվի», - ասաց Հայկ Ալումյանը:

Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նույն օրը, Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից նշել էին, որ Վերաքննիչ քրեական դատարանի ամբողջական որոշումը ստանալուն պես կքննարկեն Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանավորումը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ