Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Մեկնարկում է «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում և դիմակայուն հասարակության կառուցում» ծրագիրը


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մարդկային անվտանգության  վարչության ղեկավար Մեհրնազ Մուստավաֆիին: Հանդիպմանը մասնակցել են  Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը,  ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների ներկայացուցիչներ, ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը: 

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարաության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակը  սկսում է «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում և դիմակայուն հասարակության կառուցում» ծրագիրը, որի նպատակն է աջակցել թիրախային Ալավերդի, Ամասիա, Բերդ և Թումանյան խոշորացված համայնքներում Կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ համայնքային դիմակայունության, սոցիալական պաշտպանության և ներառականության, տնտեսական և պարենային անվտանգության ուժեղացման, ապրուստի և կայուն աշխատանքային հնարավորությունների և կարողությունների զարգացման միջոցով:

Մեհրնազ Մուստավաֆին շնորհակալություն  հայտնելով  հանդիպման  համար` հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի, ՀՀ կառավարության և համայնքների հետ սերտ համագործակցությամբ ծրագիրը կունենա իր նախանշած արդյունքները` բնակչության կոնկրետ կարիքների և խոցելիության բացահայտման միջոցով բարելավել մարդկային և պարենային անվտանգության մակարդակը:Կարևորվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության դերակատարությունը` որպես ծրագրի գործընկեր պետական կառույց:  

Վաչե Տերտերյանը ողջունելով հյուրերին`կարևոր է  համարել համայնքների անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրի նախանշած  նպատակը  և նշել, որ ընտրված  մարզերը խոցելի են արտագաղթի, աղքատության բարձր մակարդակի, անվտանգության առումներով, և այս խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերն առաջնահերթ են  ՀՀ կառավարության համար:

Փոխնախարարը վստահեցրել, որ նախարարությունը, որպես գործընկեր կառույց, կանի հնարավորն այն արդյունավետ իրականացնելու համար:

Նշենք, որ  ՄԱԿ-ի մարդկային անվտանգության ֆոնդի կողմից  ֆինանսավորվող «Հայաստանի անապահով համայնքներում մարդկային անվտանգության բարելավում և դիմակայուն հասարակության կառուցում» ծրագիրն իրականացվելու է    ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ:   




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ