Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

«Հայաստանի հմտություններ» 6-րդ մրցույթը կբացահայտի միջին մասնագիտական կրթության 5 մասնագիտությունների գծով լավագույններին


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջին մասնագիտական կրթությունը զարգացնելու շնորհիվ հնարավոր է երկրում բարձրացնել երիտասարդների և նրանց ծնողների շրջանում իրազեկվածությունը, բարելավել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթության և ուսուցման գործընթացները, բարձրացնել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության  (ՄԿՈՒ) կարգավիճակը և գրավչությունը ու բարելավել ՄԿՈՒ-աշխատաշուկա համագործակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՄԿՈՒ զարգացման նպատակ հետապնդող «Հայաստանի հմտություններ» 6-րդ մրցույթն անցկացվելու է նոյեմբերի 16-17-ը՝ «Մեխատրոնիկա», «Վեբ-դիզայն», «Խոհարարություն», «Ոսկերչություն» և «Նորաձևության տեխնոլոգիա» մասնագիտություններով, երկու փուլով:

Նախընտրական փուլին մասնակցել է 49 ուսանող Երևանից և մարզերից, հաղթահարել՝ 28-ը, նրանցից 5-ը՝ ոսկերչությունից, 7-ը՝ խոհարարությունից, 5-ը նորաձևության տեխնոլոգիայից, 5-ը՝ վեբ դիզայնից և 6-ը մեխատրոնիկայից:

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ մեծ ուշադրություն է պետք դարձնել միջին մասնագիտական ուսուցմանը:

«Միջին մասնագիտական ուսուցման շնորհիվ՝ լինի դա կարճաժամկետ, թե երկարաժամկետ, այն միանգամից պատրաստում է մասնագետներ աշխատաշուկայի համար: Այսօր Հայաստանում տարբեր մասնագիտությունների առումով լրջագույն խնդիր կա, գործատուները չեն կարողանում, օրինակ, զոդող գտնել»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այժմ շատ մեծ ուշադրություն են փորձում դարձնել նաև ռոբոտատեխնիկայի և մեխատրոնիկային, քանի որ այդ առումով բաց կա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

«Հայաստանի հմտություններ» մրցույթի հաղթողները հետագայում հնարավորություն կստանան մասնակցել «Համաշխարհային հմտություններ» կազմակերպության կազմակերպած մրցույթին:

Հայաստանը «Համաշխարհային հմտություններ» կազմակերպությանը միացել է 2012 թվականին՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, «Հայաստանի հմտություններ» նախագծի շրջանակում: «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթն անցկացվում է 2 տարին մեկ անգամ:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ