Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Դեկտեմբեր

Նոր պարտատոմսեր. եկամուտներն ավելացնելու նոր հնարավորություն «Ինեկոբանկ»- ից


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինեկոբանկը 2018թ. նոյեմբերի 15-ից հրապարակային առաջարկի միջոցով սկսում է տեղաբաշխել 5 մլն դոլարի եւ 1,5 մլրդ դրամի 3 տարեկան արժեկտրոնային, ոչ փաստաթղթային պարտատոմսեր։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ինեկոբանկ»-ից, պարտատոմսերի արժեկտրոնը կազմում է 5,25% ԱՄՆ դոլարի եւ 9,75% ՀՀ դրամի համար։

Բանկում նշել են, որ 2-րդ և 3-րդ թողարկման պարտատոմսերի անվանական արժեքը համապատասխանաբար կազմում է  100 դոլար եւ 10 000 դրամ։ Արժեկտրոնների վճարումը կկատարվի կիսամյակային պարբերականությամբ՝ 6 վճարմամբ։

Պարտատոմսերի թողարկմամբ Բանկը հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրենց ներդրումները դիվերսիֆիկացնելու, ինչպես նաև ավելացնելու եկամուտները` օգտվելով ոչ միայն ավանդային կամ խնայողական հաշիվներից, այլեւ` պարտատոմսերից։

«Պարտատոմսը  ազատ միջոցների ներդրման  բավականին ճկուն գործիք է, ինչը ցանկացած պահի հնարավոր է վաճառել երկրորդային շուկայում եւ, ի տարբերություն այլ ներդրումային գործիքների, որոնց դեպքում ժամկետից շուտ մարումը ենթադրում է կուտակված տոկոսների վերահաշվարկ, ապահովել ընթացիկ շուկայական եկամտաբերությունը։ Պարտատոմսի արժեկտրոնային եկամուտը էականորեն բարձր է բանկի կողմից առաջարկվող այլ գործիքներից, այս առավելությունները անհամեմատ գրավիչ են դարձնում դրանք։ Պարտատոմսերը ցուցակվելու են բորսայում և ունենալու են  մարքեթ մեյքեր, որը պարտավորվում է ապահովել պարտատոմսի առքն ու վաճառքը պարտատոմսի շրջանառության ամբողջ ընթացքում։ Ինեկոբանկը կապիտալի շուկա իր մուտքն ազդարարել էր հունիսին թողարկված դոլարային պարտատոմսերով, որոնք այժմ ցուցակված են և շրջանառվում են Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում։ Երկու նոր թողարկումները գալիս են ապահովելու մեր հաճախորդների կողմից ներկայացված պահանջարկը, քանի որ եղան հաճախորդներ, որոնք չհասցրեցին ներդրում կատարել մեր կողմից թողարկված առաջին տրանշում, ինչպես նաև հարցումներ ստացանք դրամային պարտատոմսերի մասին։»,- նշել է Ինեկոբանկի Ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» կորպորատիվ պարտատոմսերի բորսայական հարթակում: Նախատեսվում է տեղաբաշխումը ավարտել 2019 թվականի փետրվարի 15-ին։

Ծրագրային ազդագրի եւ թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները տեղադրված են «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի պաշտոնական ինտերնետային կայքէջում, իսկ թղթային տարբերակները ներդրողները կարող են ձեռք բերել՝ այցելելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Գլխամասային գրասենյակ՝ ք.Երեւան, Թումանյան 17 հասցեով:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ