Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության կենտրոնը և Ճառագայթային բժշկության ու այրվածքների կենտրոնը հանվեցին մասնավորեցման ցանկից


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն և «Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն հանվեցին 2017-2020 թթ. մասնավորեցման ցանկից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշեց, որ այս երկու կենտրոնները բացառիկ նշանակություն ունեն հանրապետության համար:

Թորոսյանի խոսքով, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է չարորակ և բարորակ նորագոյացությունների հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնություն ու սպասարկում, ուռուցքաբանական հիվանդների դիսպանսեր հսկողություն, ինչպես նաև հանրապետության ողջ տարածքից ուռուցքաբանական հիվանդների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության հավաքագրում: Հանրապետական նշանակության 500-մահճակալ-տեղ ունեցող պետական հիվանդանոցում առկան են թե՛ ախտորոշիչ, թե՛ բուժական հնարավորություններ։

Ներկայում «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն հանրապետությունում գործող և օնկոլոգիական բուժ. օգնության ու հսկողության ծառայություններ մատուցող ամենախոշոր և բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունն է:

«Հաշվի առնելով վերջինիս ծավալները՝ հանրապետությունում օնկոլոգիական հիվանդությունների աճը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ներկայում պոտենցիալ ներդրողներ և կազմակերպությունը ձեռքբերողներ առկա չեն, առավել նպատակահարմար է, որ նշված պրոֆիլի և ծավալների կազմակերպությունը գործի պետական համակարգում եւ վերջինիս հնարավոր ու ցանկալի զարգացումները անմիջականորեն համակարգվեն եւ ուղղորդվեն պետության կողմից»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնին», այն, ըստ Արսեն Թորոսյանի, իրականացնում է հանրապետական նշանակության գործառույթներ, մասնավորապես Կենտրոնը այրվածքային և ճառագայթային հիվանդություններ ունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող միակ մասնագիտական ուղղվածության հիմնարկն է, որտեղ տարեկան բուժվում են շուրջ 550-600 քաղաքացի:

Կենտրոնն իրականացնում է մասնագիտական խորհրդատվություններ Երեւան քաղաքի եւ ՀՀ մարզերի բժշկական կենտրոններում, ինչպես նաեւ ապահովում է ճառագայթային հիվանդությամբ տառապող անձանց շարունակական հսկողությունը և բուժումը: Ներկայում Կենտրոնում իրականացվում է շուրջ 3 000 հիվանդների շարունակական հսկողություն:

«Հաշվի առնելով, որ Կենտրոնն իր պրոֆիլով միակն է ՀՀ-ում, գտնում ենք, որ այն պետք է գործի պետական համակարգում եւ վերջինիս հնարավոր ու ցանկալի զարգացումները անմիջականորեն համակարգվեն եւ ուղղորդվեն պետության կողմից:

Հաշվի առնելով նշված 2 կազմակերպությունների բացառիկությունը, կարեւորությունը եւ, որոշ դեպքերում, ստրատեգիական նշանակությունը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց գործունեությունը պետական փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակով ավելի արդյունավետ է, ինչը, միանշանակ, չի բացառում մասնավոր ներդրողների ներգրավման հնարավորությունը:

Համապատասխան ներդրողների ի հայտ գալու պարագայում, նշված կազմակերպությունների զարգացման հեռանկարներից ելնելով, նախատեսվում է կիրառել «պետություն-մասնավոր ներդրող» համագործակցության ձեւաչափը»,- ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատարը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը նկատեց. «Խնդիր չկա, հանենք մասնավորեցման ցուցակից, բայց մենք պայմանավորվել էինք, որ եթե հանում ենք, պետք է ծրագիր ներկայացնել այդ ընկերությունների հետագա զարգացման հետ կապված: Որովհետեւ ժամանակին, երբ որոշվել է ընդգրկել ցուցակում, պատճառն այն է եղել, որ այդ ընկերությունները շատ վատ են կառավարվում»:

Այս դիտարկմանը համաձայնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, իսկ Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ եթե վատ է կառավարվում, դա չի կարող հիմք լինել մասնավորեցման համար: Նա որպես օրինակ բերեց մարզային հիվանդանոցները, որոնք նույնպես ժամանակին անարդյունավետ են կառավարվել. «Կան ԲԿ-ներ, որոնք կարող են մասնավորեցվել, բայց կոնկրետ այս դեպքում դա չի կարելի անել: Մենք պատրաստ ենք ներկայացնել ծրագրեր բոլոր բժշկական կենտրոնների մասով»:

Ի վերջո, ընդունվեց, որ պետք է որոշման հետ նշված լինեն նաեւ զարգացման ուղղությունները:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ