Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է ՊԵԿ հայտարարությունը

«Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է ՊԵԿ հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որով հերքում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ ՊԵԿ հրապարակումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարության մեջ ասվում է. «Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ՊԵԿ-ը զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ‹‹բացահայտված››՝ հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում իբրև թե ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու, ինչպես նաև իբրև թե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ:

‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ՊԵԿ-ը 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում փաստացի սկսել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համալիր ստուգում: Այնուհետև, 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ստուգման տևողությունը երկարաձգվել է 30 անընդմեջ աշխատանքային օրով: Համալիր հարկային ստուգումը ներկայումս փաստացի ընթացքի մեջ է և առ այսօր ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել: Փոխարենը, առանց Ընկերության հետ քննարկելու կամ Ընկերությանը տեղեկացնելու, ՊԵԿ-ը մամուլով տարածել է միանգամայն անհիմն տեղեկատվություն:

‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ն տարիներ շարունակ լինելով Հայաստանի Հանրապետության առաջին խոշոր հարկ վճարողը մշտապես իր գործունեությունը ծավալել է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան՝ դրա արդյունքում ՊԵԿ-ից պարբերաբար ստանալով ‹‹Օրինապահ հարկ վճարողի›› հավաստագրեր:

ՊԵԿ-ի կողմից ներկայացված հրապարակման մեջ ներառված ‹‹համեմատական հետազոտությունները›› կատարված են ոչ համադրելի ժամանակաշրջանների և ոչ համադրելի մեծությունների հիման վրա, Ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որևէ ապացուցողական փաստ, ինչը, Ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների: ՊԵԿ-ի նման գործելաոճը կարող է վտանգել Ընկերության ձեռք բերած գործարար համբավը և ձախողել Ընկերության բնականոն գործունեությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ընթացքում որդեգրել է հրապարակային գործելաոճ, Ընկերությունը միանգամայն ողջունում է նման մոտեցումը և ս.թ. նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ին ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ի գլխավոր մասնաշենքում հրավիրում է մամուլի ասուլիս: Միաժամանակ, նպատակ ունենալով զերծ մնալ նշված հրապարակմանն առնչվող հարցերի միակողմանի մեկնաբանությունից, ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ն հրավիրում է նաև ՊԵԿ-ի համապատասխան մասնագետներին նշված ասուլիսին ներկա գտնվելու և իրենց ներկայացրած եզրահանգումները հանրությանը հիմնավորելու համար››:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]