Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մեկնարկել է հակամանրէային միջոցների կայունության դեմ պայքարի ու դրա մասին իրազեկման շաբաթը

Մեկնարկել է հակամանրէային միջոցների կայունության դեմ պայքարի ու դրա մասին 
իրազեկման շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015-ից ամբողջ աշխարհում անցկացվում է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության՝ հակամանրէային ռեզիստենտականության, դեմ պայքարին նվիրված իրազեկման միջոցառումների շաբաթ: Այս նախաձեռնությունը հիմնված է «Մեկ Առողջության» սկզբունքի վրա ու շատ կարևոր է նախ և առաջ հանրային առողջության տեսանկյունից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, հակամանրէային միջոցների նկատմամբ մանրէների կայունությունը արդի և գլոբալ խնդիր է ոչ միայն բժշկության, այլև անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության ոլորտներում: 2015 թվականին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է հակամանրէային միջոցների նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությունը:

Խնդրի կարևորությունը յուրաքանչյուրին և ամենուրեք հասցնելու ակնկալիքով էլ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ, նոյեմբերի 12-ից հանրապետության ողջ տարածքում անցկացնում է սեմինարների ու հանդիպումների շարք անասնաբույժների, ֆերմերների, գյուղացիների, անասնաբուժական դեղատների ներկայացուցիչների հետ: Քարոզարշավի նպատակն է բացատրել, որ ամենապարզ գործողությունները կարող են հանգեցնել ցանկալի արդյունքների՝ բացառելով կամ նվազագույնի հասցնելով հակամանրէային միջոցներների օգտագործումը:

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը գյուղատնտեսության, սննդի անվտանգության խնդիր է,  քանի որ անասնաբուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, ձկնաբուծության ոլորտներում հակամանրէային դեղերը կիրառվում են ոչ միայն բուժման, այլև կենդանու աճը խթանելու նպատակներով: Արդյունքում  դեղակայուն մանրէները, սննդային շղթայի միջոցով, կարող են կենդանիներից անցնել մարդուն:
2018թ. հոկտեմբերին Եվրախորհրդարանն ընդունել է նոր օրենք, որն արգելում է կենդանիների աճը խթանելու համար հակաբիոտիկների օգտագործումը: Ավելին, մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող մի շարք հակաբիոտիկներ արգելվում է օգտագործել անասնաբուծությունում:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների` եթե չիրականցվեն համապատասխան միջոցառումներ,  մինչև 2050  թվականին աշխարհում կգրանցվի մոտ 10 մլն մահվան դեպք` պայմանավորված դեղակայուն վարակներով, իսկ դրանց տնտեսական վնասը կկազմի մոտ 100 տրլն դոլար:

Հիվանդությունների կանխարգելումն, ըստ էության, ավելի հեշտ է ու էժան, քան դրանց բուժումը: Այս մոտեցման վրա է կառուցված թե կենդանիների, թե մարդկանց առողջության պահպանման համակարգն ամբողջ աշխարհում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]