Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը. Տիգրան Խաչատրյան


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն Ազգային ժողովում ՀՀ 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ունեցած ելույթում նշել է, որ 2019թ․ պետական բյուջեի մասին քննարկումների առանձնահատկությունն այն է, որ այն կազմված է և ներկայանում է դրա իրականացումից սպասվող ծրագրային արդյունքների քննությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Համապատասխանաբար, կարևոր է այն հարցի պատասխանը, թե ինչպիսի՞ կարճաժամկետ և երկարաժամկետ արդյունքներին է ուղղված այն տնտեսական քաղաքականությունը, որն ուղղակիորեն իրագործվելու կամ աջակցվելու է 2019թ․ պետական բյուջեի շրջանակում իրականացվող և դրան հաջորդող տարիների ընթացքում նախատեսվող ծրագրերով»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ առաջիկա տարիներին տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացումը՝ տնտեսական կյանքում նրանց մասնակցային հնարավորությունների ավելացման միջոցով․ Տնտեսական կյանքին պետք է մասնակցեն հասարակության ավելի մեծ թվով անդամներ և ստեղծվող տնտեսական արժեքը այն ստեղծող անձանց միջև պետք է բաշխվի ավելի հավա­սարաչափ։

Նախարարի պաշտոնակատարը հաջորդիվ նշել է․ «Ցածր արտադրողականությունը հայաստանյան տնտեսության հիմնական ռիսկն է։ Մեր տնտեսության մրցունակության կտրուկ բարձրացումը այլընտրանք չունի։ Երկրարաժամկետ կտրվածքով մեր բնակչության բարեկեցությունը բարելավելու կարողութունը գրեթե լիովին կախված է լինելու մեկ աշխատողի հաշվով թողարկման մակարդակը բարձրացնելու մեր ունակությունից։ 2019-ին հաջորդող տարիներին տնտեսական քաղաքականությունը պետք է տանի նրան, որ ՀՆԱ-ի տարեկան աճը լինի ոչ պակաս, քան 5%-ը, ապրանքների և ծառայությունների արտահանումը պետք է գերազանցի ՀՆԱ-ի 45%-ը, Համախառն կապիտալի կուտակումը, ինչը կարևորագույն ցուցանիշ է տնտեսության զարգացման ներուժի ավելացման տեսանկյունից, պետք է հասնի ՀՆԱ-ի 23-24%-ին»։

Անդրադառնալով ներդրումների չափման և տնտեսության մեջ դրանց ավելացման համար անհրաժեշտ նախապայմաններին՝ Տիգրան Խաչատրյանն ասել է․

«Ներդրումների համար ֆինանսավորման ներգրավման հարցում մրցում են աշխարհի բոլոր երկրները։ ՄԱԿ առևտրի և զարգացման կոնֆերանսի կողմից հրապարակվող Համաշխարհային ներդրումային զեկույցը փաստում է, որ օտարերկյա ներդրումների մեծ մասը դեռևս շարունակում է հոսել դեպի զարգացած երկրներ։Օտարերկրյա ներդրումների հոսքի միայն մի փոքր մասն է, որ գալիս է փոքր տնտեսություններ։ Որո՞նք են այն գործոնները, որ յուրաքանչյուր ներդրող գնահատում է մինչև ներդրումային որոշում կայացնելը՝ տնտեսական և քաղաքական կայունություն, կարգավորումների հստակ մեխանիզմներ, որոնք չընձեռեն երկիմաստության կամ տարաբնույթ կիրառության հնարավորություն, կոռուպցիայի բացառում, որակյալ ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալի զարգացում, շուկաների ընդլայնում»։

«Եթե մենք ակնկալում ենք, որ ներկայիս 18% համախառն ներքին արդյունք նկատմամբ ներդրումները 4-5 տարվա կտրվածքով հասնեն ՀՆԱ-ի 25%-ին, ապա մենք միանշանակ պետք է ուշադրություն դարձնենք շուկաներում դիրքավորման հարցին։ Մենք ունենք արտոնյալ առևտրային պայամաններ ԵԱՏՄ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, արդեն պայմանավորվածություններ կան հարևան Իրանի հետ՝ զարգացնելու տնտեսական հարաբերությունները արտոնյալ առևտրային ռեժիմով։ Բայց սրանք միայն նախադրյալներն են, որոնք կարող են առաջիկա տարիներին նպաստել ապրանքների և ծառայությունների արտահանման զգալի աճին։ Եթե մենք ուշադրություն չդարձնենք մյուս թույլ օղակների կարգավորմանը, ապա սրանք կմնան միայն հնարավորություններ։ Համապատասխանաբար, միկրոմակարդակում մեր նպատակը պետք է լինի այդ թույլ օղակների բացահայտումը՝ լոգիտստիկ խնդիրներ, ֆիզիկական ենթակառուցվածքներ, որակյալ կարգավորումներ։ Եթե մենք խոսում ենք 2019 թվականի պետական բյուջեի մասին, դրանք կարճաժամկետ՝ մեկ տարվա գործողություններ են։ Կարծում եմ, որ մենք ունենալու ենք հնարավորություն և պատասխանատվություն՝ քննարկելու վերոնշյալ թույլ հանգույցների բոլոր տեսանելի ճիշտ հասցեավորված լուծումները», - նշել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ