Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինական ֆիլմերի հնչյունավորում. նախադեպը չունեցող մրցույթ ԵՊՀ-ում

Չինական ֆիլմերի հնչյունավորում. նախադեպը չունեցող մրցույթ ԵՊՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնի և Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից կազմակերպվել էր չինական ֆիլմերի հնչյունավորման միջբուհական մրցույթ: Հայաստանում նմանօրինակ մրցույթ անցկացվեց առաջին անգամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, միջբուհական մրցույթին մասնակցում էին ԵՊՀ-ն, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը ներկայացնող երկուական խմբեր և ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտը ներկայացնող մեկ խումբ:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի տնօրեն Արթուր Իսրայելյանը փաստեց, որ միջբուհական մրցույթի նպատակը չինարենի և չինական մշակույթի նկատմամբ հետաքրքրության բարձրացման խթանումն էր, ինչպես նաև չինարեն սովորող ուսանողների խրախուսումը:

Մրցույթին ներկա էին ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը և Ռուբեն Մարկոսյանը, ինչպես նաև մասնակից բուհերի դասախոսներ և ուսանողներ:

ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ողջույնի խոսքում նշեց, որ մրցույթի ձևաչափը շատ հետաքրքիր և ուսանելի է. «Ուրախ եմ, որ մեր երկրում չինարենն իր ուրույն տեղն ունի ուսումնասիրվող լեզուների շարքում: Հուսով եմ՝ այսօրվա մրցույթի բոլոր մասնակիցները նախևառաջ հաճույք կստանան և հետագայում ավելի մեծ հաջողություններ կգրանցեն չինարենի ուսումնասիրության գործում»:

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ Վըն Ֆընը, հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին, հույս հայտնեց, որ նման մրցույթները շարունակական կլինեն՝ փաստելով, որ դրանք խթանում են ոչ միայն չինարենի, այլև չինական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը:

ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական  կողմի տնօրեն Յանգ Մեյխուան իր ուրախությունը հայտնեց առ այն, որ կազմակերպվել է նման ձևաչափով մրցույթ. «Դա այն փաստի ապացույցն է, որ մեր ուսանողները մեծ հաջողություն են գրանցել չինարենի ուսումնասիրության գործում: Այսօր բոլոր մասնակիցները հաղթող են»:

Մրցույթի ժամանակ ուսանողները ներկայացրին նախօրոք տրամադրված չինական ֆիլմերի որևէ հատվածի հնչյունավորում, որի ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրին  գնահատեց ինչպես մասնակիցների չինարենի իմացությունը, այնպես էլ նրանց բեմական կեցվածքն ու դերասանական հմտությունները: Ի դեպ, ժյուրիի կազմում ընդգրկված էին ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի, Հայ-ռուսական համալսարանի և Հայ-չինական բարեկամության դպրոցի չինարենի դասախոսներ:

Միջոցառման մրցութային հատվածի ավարտից հետո չինարեն սովորող ուսանողները և դասախոսները ներկայացրին երաժշտական և հումորային կատարումներ, որից հետո հայտարարվեցին հաղթողների անունները:

Ժյուրիի գնահատմամբ, մրցույթի առաջին հորիզոնականը զբաղեցրեց Հայ-ռուսական համալսարանը ներկայացնող խումբը, երկրորդ հորիզոնականը՝ ԵՊՀ-ն, իսկ երրորդ հորիզոնականում ԵՊԼՀ-ն ներկայացնող խումբն էր: Բացի դրանից՝ մրցույթի կազմակերպիչները սահմանել էին ևս մեկ մրցանակ. Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհի Իննա Սարգսյանը և ԵՊՀ ուսանողուհի Լիդա Պապիկյանը ստացան ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայի մեկօրյա ուղեգիր՝ նախատեսված երկու հոգու համար: Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր և նվերներ:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի չինարենի և չինական մշակույթի կենտրոնի տնօրեն Արթուր Իսրայելյանն ասաց, որ ապագայում ևս կկազմակերպվեն նմանաբնույթ միջոցառումներ. «Այս մրցույթի կայացման համար ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին և հատկապես ԵՊՀ ղեկավարությանը: Մենք պատրաստ ենք համագործակցել և սիրով կքննարկենք հետաքրքիր առաջարկները»:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]