1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ֆարմանյանն ու Հակոբյանն առաջարկում են օրենքով արգելել բուքմեյքերների ու տոտալիզատորների գործունեությունը

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ֆարմանյանն ու Հակոբյանն առաջարկում են օրենքով արգելել 
բուքմեյքերների ու տոտալիզատորների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում են օրենքով արգելել բուքմեյքերական ընկերությունների, տոտալիզատորների, ինտերնետային վիճակախաղերի գործունեությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության քննարկմանը նախագիծը ներկայացրեց Սամվել Ֆարմանյանը:

«Քննարկվող նախագիծը վերաբերում է, ժողովրդական լեզվով ասած, տոտոների և վիվարոների, օրենսդրական լեզվով ասած, բուքմեյքերական ընկերությունների կամ տոտալիզատորների գործունեության արգելմանը Հայաստանում: Պետք է օրենքով արգելվի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը: Պետք է արգելվի ինչպես դրանց գրասենյակների գոյությունը, այնպես էլ դրանց գոյությունը ինտերնետ հարթակում»,- շեշտեց Ֆարմանյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանում հասարակության 99.9 տոկոսը դրանց գործունեությունը արգելելու հարցում ունի համաձայնություն: Ֆարմանյանն անգամ առաջարկեց իշխող քաղաքական ուժին այս հարցը նախընտրական հանրահավաքներից մեկում դարձնել քննարկման առարկա: «Վարչապետը ևս, տարբեր առիթներով անդրադառնալով այս հարցին, նկատել է, որ խաղամոլությունը վնաս է ոչ միայն տնտեսական զարգացման մոդելի տեսանկյունից, այլ նաև այն անդառնալի կորուստներ է հասցնում մեր ժողովրդի բարոյահոգեբանական նկարագրին»,- նկատեց պատգամավորը:

Նա նշեց, որ այս նախագիծն ուշացած են ներկայացնում, սակայն դրա շուրջ ինքն աշխատել է  ավելի քան 5 տարի: «Տարբեր կառավարություններ միշտ պատճառաբանություններ են բերել, թե ինչու Հայաստանում այդ վիճակախաղերի գոյությունը սխալ կլինի արգելել օրենքով: Ես կարծում եմ, որ այդ գումարման ԱԺ-ն կարող է անել այն կարևոր քայլը, որի համար բոլորս կարող ենք հանգիստ քնել՝ իմանալով, որ փրկում ենք մարդկանց պոտենցիալ ճահիճից»,-նշեց Ֆարմանյանն ու նկատեց, որ Հայաստանում տոտալիզատորները շատ մատչելի են, գրասենյակներն առկա են գրեթե բոլոր շրջաններում:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դիտարկում արեց. «Ընդունո՞ ւմ եք, որ նախորդ իշխանությունները չեն կարողացել ճիշտ գնահատել ողբերգության ծավալները, նախանձախնդիր չեն եղել նման խնդիրների լուծմանը և, ենթադրաբար, ինչ-որ չափով օժանդակել են դրանց գործունեությանը»:

Ֆարմանյանը նշեց, որ ինքը փորձ է արել նախաձեռնությունը դնել շրջանառության մեջ: «Այն հանգամանքը, որ այս նախագիծը չի դարձել օրենք, նախորդ կառավարությունների գործունեության արդյունքն է: Ես իմ թիմակիցների շրջանում չեմ գտնվել այնքան ուժեր, որ այս նախագիծը դարձնեմ օրենք»,- նկատեց նա:

Սակայն Ֆարմանյանը հավելեց, որ իր առաջարկությամբ և իր գործընկերների օժանդակությամբ բարձրացվել էր բուքմեյքերական ընկերություններում խաղադրույք կատարելու համար տարիքային շեմը՝ 18 տարեկանից հասցնելով 21-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]