Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Դեռ լիարժեք չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան  


ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դեռ լիարժեք չի գիտակցում, որ օրեր առաջ դարձել է աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց Մարտիրոսյանը: «Այս տարին որպես այդպիսին քիչ դժվարություններ ունեցավ: Նաև վնասվածք չունեցա: Եվրոպայի առաջնության և աշխարհի առաջնության ոսկե մեդալները մեր աշխատանքն են, որ պետք է անենք: Մինչ այս աշխարհի չեմպիոն չէի դարձել, այդ իսկ պատճառով տարին ամենահաջողակն էր ինձ համար: Ինձ համար աշխարհի չեմպիոն դառնալն երազանքի և նպատակի պես մի բան էր: Ճիշտն ասած, դեռևս  լիարժեք չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ դարձել: Միայն, երբ անցնում են կողքովս, շնորհավորում են ինձ, նոր-նոր հասկանում եմ` ինչ եմ արել»,- շեշտեց նա:

Թուրքմենստանում ընթացող աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց նախ 190 կգ, հետո 195 կգ-ն: Իսկ երրորդ մոտեցմանը, երբ Մարտիրոսյանը 197 կգ-ն բարձրացրեց, որն, ի դեպ, աշխարհի ռեկորդ էր, մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Այս ձևում Մարտիրոսյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրումում Մարտիրոսյանը մոտեցավ 230 կգ (աշխարհի ռեկորդ) կշռող ծանրաձողին և բարձրացրեց այն: Այնուհետև երկրորդ մոտեցմամբ նա երկրորդ ռեկորդը սահմանեց` 240 կգ: Երրորդ մոտեցման հայ ծանրորդը չեկավ: Երկամարտի 435 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը 21 տարեկանում դարձավ աշխարհի չեմպիոն: Նա 2016 թվականի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի 2017 թվականի չեմպիոն : Իսկ 2014 թվականին դարձել էր պատանեկան Օլիմպիական խաղերի հաղթող:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ