Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Բորիս Բերեզովսկին և Դանիել Ռոնը ելույթ ունեցան Խաչատրյանի միջազգային փառատոնի եզրափակիչ համերգին


ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ դաշնակահար Բորիս Բերեզովսկին և ջութակահար Դանիել Ռոնը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի եզրափակիչ համերգային ծրագրում կատարեցին Արամ Խաչատրյանի դաշնամուրի և ջութակի կոնցերտները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի փակման գալա-համերգը տեղի ունեցավ նոյեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

«Հոբելյանական փառատոնին հնչեցին միայն Խաչատրյանի ստեղծագործությունները: Գալա- համերգը խոսում է միջազգային հաջողության մասին, քանի որ ելույթ են ունենալու Բորիս Բերեզովսկին և Դանիել Ռոնը: Նրանք կհնչեցնեն Խաչատրյանի ամենահայտնի կոնցերտները»,- նշեց Սերգեյ Սմբատյանը:

Նա ասաց, որ այն բոլոր համերգները՝ թե՛ սիմֆոնիկ, թե՛ կամերային, որոնք կայացան փառատոնի ընթացքում, շատ նշանակալի էին և կարևոր նվագախմբի համար: «Կարծում եմ՝ հաջողություն է միջազգային նման փառատոն ունենալը, և այն պետք է  զարգացնել: Ձեռքբերումները, որոնք եղել են վեց տարվա ընթացքում, պայմանավորված են նաև արտիստների մասնակցությամբ՝ միջազգային համբավ ունեցող երաժիշտներ, որոնք  եկել են Հայաստան՝ մեզ հետ տոնելու այս փառատոնի հաջողությունները»,- ընդգծեց դիրիժորը:

Բորիս Բերեզովսկու խոսքով` Արամ Խաչատրյանն իր ամենասիրելի կոմպոզիտորներից է: «Ես մեծագույն հաճույքով և հաջողությամբ եմ կատարում նրա դաշնամուրի կոնցերտը, քանի որ այն շատ վառ, հրաշալի և գեղեցիկ երաժշտություն է, և միայն մնում է շնորհակալություն հայտնել Խաչատրյանին այն գրելու համար»,- շեշտեց նա:

Դանիել Ռոնն ասաց, որ նախկինում կատարել է Խաչատրյանի ջութակի կոնցերտը, բայց առաջին անգամ է այն հնչեցնում կոմպոզիտորի հայրենիքում: Նա շեշտեց, որ շատ է սիրում այդ գործը, և այն ասես ազատ ճախրանք լինի տիեզերքում:

Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված փառատոնի ընթացքում երաժշտասերները հնարավորություն ունեցան ունկնդրել սիմֆոնիկ և կամերային ինը համերգ։ Իրականացվեց նաև «Խաչատրյան. նոն-ստոպ» ծրագիրը, որի ընթացքում հնչեցին ֆիլմերի համար գրված նրա ստեղծագործությունները: Փառատոնի հիմնադիրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ ի դեմս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ