Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Դեկտեմբեր

Սպենսեր Ջոնսոնի «Լաբիրինթոսից դուրս»  գիրքը  հանձնվեց ընթերցողների դատին


ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ամերիկացի բժիշկ, գրող Սպենսեր Ջոնսոնի  «Լաբիրինթոսից դուրս» նոր գիրքը առաջարկում է գործիքներ, որոնք կօգնեն ոչ միայն հարմարվել փոփոխություններին, այլև փոխել սեփական ճակատագիրը: Այն հեղինակի «Ո՞ւր է իմ պանիրը» գրքի շարունակությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց նոյեմբերի 13-ին: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

««Ո՞ւր է իմ պանիրը» այնքան ուժեղ և տպավորիչ գործ է, որ, անկեղծ ասած, սկզբում չէի պատկերացնում, թե հեղինակն էլ ինչ կարող էր ավելացնել: Սակայն, կարդալով «Լաբիրինթոսից դուրս»-ը, հասկացա, թե որքան նոր շերտեր է նա բացահայտում և այդպիսով ամբողջացնում իր ասելիքը «Ո՞ւր է իմ պանիրը» առաջին գրքի հետ: Նա իրավիճակային հետաքրքիր լուծումներ է տալիս պատմության հերոսի՝ Հըմի օրինակով»,- նշեց գրքի թարգմանիչ Նազելի Կարապետյանը:

Նրա խոսքով` այս պատմության մեջ ընթերցողը տեսնում է, որ լաբիրինթոսը ոչ թե պարզապես ֆիզիկական տարածք է, որից ի վերջո դուրս է գալիս գլխավոր հերոսը, այլ այն նրա գլխում տեղ գտած և կարծրացած, ոչ պետքական, ճշմարտությանը չհամապատասխանող համոզմունքներն են, որոնք խանգարում էին նրան առաջ գնալ:

«Երբ  Հըմը թողնում է լաբիրինթոսը, նա թողնում է հին բեռը, նա թողնում է իր հնացած համոզմունքները և կառչում այն համոզմունքներից, որոնք նրան բարձրացնում են, և ոչ թե ներքև քաշում»,- ներկայացրեց Կարապետյանը:

Թարգմանիչը հավելեց, որ Սպենսեր Ջոնսոնի յուրահատուկ ձեռագիրն այն է, որ հեղինակը իր խորը գաղափարները փոխանցում է ոչ թե փիլիսոփայական բարդ տերմինաբանությամբ, այլ պարզ պատմությունների միջոցով, որոնք առակներ են հիշեցնում:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն  Շավարշ Կարապետյանի խոսքով՝  տարիներ առաջ հրատարակել են Սպենսեր Ջոնսոնի «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը, որը համաշխարհային բեսթսելեր է: ««Լաբիրինթոսից դուրս»-ը առաջին գրքի շարունակությունն է: Բնականաբար, հակված էինք այն նույնպես հրատարակել: Հատկանշականն այն է, որ առաջին անգամ Հայաստանում հայերեն թարգմանությունը լույս է տեսնում միևնույն ժամանակ, ինչ անգլերեն բնագիրն ԱՄՆ-ում»,- ասաց նա:

Դոկտոր Սպենսեր Ջոնսոնը նախ գրել է «Ո՞ւր է իմ պանիրը» պատմությունը՝ իր կյանքի մի դժվար շրջան հաղթահարելու նպատակով: Երկար տարիներ այդ փոքրիկ առակով այլոց հետ կիսվելով և տեսնելով, թե որքան էր այն օգնում մարդկանց կյանքում և աշխատանքում` Ջոնսոնը պատմությունը գրքույկի վերածեց:  Նա զգում էր, որ դեռ որոշ անպատասխան հարցեր կան: Եվ հեղինակը ձեռնամուխ է լինում նոր գրքի ստեղծմանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ