Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Գեղարքունիքի մարզպետը Ֆրանսիայի Իզեր դեպարտամենտի խորհրդի պատվիրակության հետ քննարկեց համագործակցության հեռանկարները


ԳԱՎԱՌ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի մշակույթի ժառանգության պահպանման եւ ապակենտրոնացված համագործակցության փոխնախագահ Պատրիկ Կուրտոյին, միջազգային համագործակցության հարցերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային եւ «Ֆրանս Ֆորմասիոն» կազմակերպության ղեկավար Լիլյա Շալունցին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ողջունելով հյուրերին՝ Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց ֆրանսիական կողմին՝ նախորդ տարիների համագործակցության եւ Գեղարքունիքի մարզում առողջապահական, կրթական ու զբոսաշրջության զարգացման ծրագրեր իրականացնելու համար, միաժամանակ հավաստելով, որ մարզպետարանը պատրաստակամ է հետագա համագործակցության:

«Նկատելի աշխատանք է մեր մարզում իրականացվել անցած տարիների ընթացքում, ինչի արդյունքում երկու կողմերի միջեւ ձևավորվել են ոչ միայն գործընկերային, այլ նաեւ՝ բարեկամական հարաբերություններ: Մեր նոր թիմը լիովին պատրաստ է՝ ավելի խորացնելու եւ զարգացնելու այդ ձեռքբերումները: Կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ համագործակցության ոլորտային շրջանակն ավելի ընդլայնելու համար»,- ֆրանսիական կողմին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Ինչպես հանդիպման սկզբում նշեց ֆրանսիական պատվիրակության ղեկավար Պատրիկ Կուրտոն, Գեղարքունիքի մարզ այցելության իրենց հիմնական նպատակն է՝ ամփոփել Գեղարքունիք-Իզեր համագործակցության շրջանակներում 2016-2018 թվականների ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքները, քննարկել եւ հաստատել 2019-2021 թվականների ծրագրերի ցանկը եւ բովանդակությունը եւ մասնակցել IRAPA համագործակցության հարթակի նախաձեռնած սեմինարին:«IRAPA համագործակցության հարթակը ստեղծվել է 11 տարի առաջ՝ 4 հայկական եւ 4 ֆրանսիական համայնքների միավորված համագործակցության արդյունքում: Այդ ժամանակահատվածում հարթակը մեծ ձեռքբերումներ է արձանագրել տուրիզմի զարգացման ոլորտում, իսկ Հայաստանում նկատվել է տուրիստական ակտիվ հոսք: Կարծում եմ, որ հարթակը դեռ շատ անելիքներ ունի Հայաստանի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի տուրիզմի զարգացման ոլորտում, որտեղ ես մեծ ներուժ եմ նկատում»,- նշեց Պատրիկ Կուրտոն:

«Ֆրանս Ֆորմասիոն» կազմակերպության ղեկավար Լիլյա Շալունցը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող ֆրանսերենի ուսուցման կազմակերպման ոլորտի ձեռքբերումները: Ըստ Լիլյա Շալունցի՝ ֆրանսերենի ուսուցման դասընթացները կազմակերպվում են Սեւան եւ Գավառ քաղաքներում, որտեղ բացված խմբակներում ընդգրկված է մինչեւ 150 հոգի: «Ֆրանսերենի ուսուցման դասընթացներում ընդգրկված են հիմնականում դպրոցական տարիքի երեխաներ, իսկ մեծահասակները համեմատաբար քիչ են: Կա լայն աջակցություն Գեղարքունիքի մարզպետարանի կողմից: Ձգտում ենք այնպես անել, որ շրջանավարտների հետ մեր կապը մշտական լինի: Այդ պատճառով էլ Սեւանում հիմնել ենք Ֆրանսիական ակումբ, նույնը ցանկանում ենք հիմնել նաեւ Գավառում, որպեսզի մարդիկ մշտապես ֆրանսիական մշակույթի հետ շփվելու հնարավորություն ունենան»,- ներկայացրեց Լիլյա Շալունցը:Գեղարքունիքի մարզպետն իր հերթին վստահեցրեց, որ երկու կողմերի միջեւ համագործակցության շրջանակը ոչ միայն կպահպանվի, այլ ավելի կընդլայնվի ու կխորանա՝ ընդգրկելով նոր ոլորտներ, նոր մտահղացումներ ու ձեռնարկներ: «Տեսնում եմ, որ մենք համատեղ անելիքներ շատ ունենք մեր համագործակցության բոլոր ոլորտներում:

Առավել մեծ ներուժ ես տեսնում եմ տուրիզմի ոլորտում, որտեղ գրավչությունները բազմազան են, զարգացման հնարավորությունները՝ հեռանկարային ու խոստումնալից: Մենք ունենք դեպի Արցախ, Իրան ու Վրաստան տանող տարանցիկ բարեկարգ ճանապարհներ, որոնց երթուղիներին մոտիկ են գտնվում պատմության ու բնության կարեւոր հուշարձաններ, զբոսաշրջային շատ այլ գրավչություններ: Բացի այդ, մենք ունենք Սեւանա լիճ, որը տուրիզմի զարգացման հիմնական գրավականն է: Նույն Սեւանա լճում եւ նրա ջրահավաք ավազանում ունենք հարուստ թռչնաշխարհ, ինչը նույնպես առանձնահատուկ հետաքրքրություն կարող է առաջացնել զբոսաշրջիկների համար:

Նախատեսում ենք զարկ տալ էկոտուրիզմին ու գյուղական տուրիզմին, բայց առաջնահերթություն ենք համարում ձմեռային տուրիզմի արմատավորումն ու զարգացումը: Առաջին կառույցն այս ուղղությամբ մարզում կլինի Չկալովկայում հիմնադրվող տուրիզմի զարգացման կենտրոնը: Շատ շուտով տեսանելի կլինեն առաջին գործնական քայլերը: Զբոսաշրջային գրավչության վայր կդարձնենք Նորաշենի Ճայերի կղզին: Մեր համագործակցության արդյունքում, հուսով եմ, կծնվեն նոր հետաքրքիր մտահղացումներ, որոնք կկարողանանք կյանքի կոչել: Ձմեռային տուրիզմի ոլորտում ունեցած ձեր փորձն ու գիտելիքները մեզ անհրաժեշտ կլինեն»,- հավելեց մարզպետը:Ֆրանսիական պատվիրակության ղեկավարն իր հերթին վստահեցրեց, որ մոտակա տարիներին ձմեռային տուրիզմը Գեղարքունիքում կդառնա զարգացման հիմնական ուղղություններից մեկը: «Մեր մարզն էլ Գեղարքունիքին յուրահատուկ ռելիեֆ ու կլիմա ունեցող մարզ է, որտեղ առավել զարգացած է ձմեռային տուրիզմը:

Կարծում եմ, որ ձեզ մոտ դահուկային մարզաձեւերը զարգացնելու մեծ ներուժ կա: Մենք կարող ենք տրամադրել փորձագետներ, գտնել ներդրողներ, որպեսզի ձմեռային տուրիզմը ձեզ մոտ ամենակարճ ժամկետներում սկզբնավորվի եւ զարգանա: Նույնիսկ պատկերացնում եմ, որ մոտակա 10 տարիների ընթացքում Գեղարքունիքը կարող է ընդունել դահուկավազքի միջազգային առաջնության մասնակիցներին»,-նշեց Պատրիկ Կուրտոն:Գեղարքունիքի մարզպետն ու ֆրանսիական պատվիրակության ղեկավարը փոխանակվեցին հուշանվերներով: Հանդիպման ավարտից հետո մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ ֆրանսիական պատվիրակության անդամներն այցելեցին Գավառի պետական դրամատիկական թատրոնի շենք, Սուրբ Աստվածածին եկեղեցի եւ թիվ 4 հիմնական դպրոց, որտեղ հանդիպեցին ֆրանսերենի ուսուցման դասընթացների մասնակից աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ