Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս 2022

«Քոլեթ» ֆիլմի ցուցադրությամբ Հայաստանում կմեկնարկի Եվրոպական ֆիլմերի փառատոնը

«Քոլեթ» ֆիլմի ցուցադրությամբ Հայաստանում կմեկնարկի Եվրոպական ֆիլմերի 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակութային ժառանգության եվրոպական տարում Հայաստանում կանցկացվի Եվրոպական ֆիլմերի փառատոնը, որի շրջանակում հանդիսատեսին կներկայացվեն եվրոպական 11 երկրի ազգային և միջազգային մրցանակների արժանացած նոր կինոնկարներ: Ցուցադրությունները կիրականացվեն Երևանում, Գյումրիում և Դիլիջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Կցուցադրվի բրիտանական «Քոլեթ» ֆիլմը:

«Մշակութային ժառանգության եվրոպական տարում գարնանից սկսած Հայաստանում տարաբնույթ միջոցառումներ ենք իրականացրել` համերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, խորհրդաժողովներ, ներկայացումներ և այլն: Այս փառատոնը մինչ այդ կազմակերպված բոլոր մշակութային իրադարձությունների գագաթնակետն է: Ցանկանում ենք հայ հանրությանը ներկայացնել նոր արտադրված, թարմ ֆիլմեր, որոնք հնարավոր չէ դիտել կինոթատրոններում, համացանցում»,-նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով` փառատոնը Հայաստանի և Եվրոպայի միջև հերթական կամուրջն է: «Այն հայ հանդիսատեսին հնարավորություն կտա իրեն զգալ եվրոպական ընտանիքի անդամ: Մենք գիտենք, որ հայերը շատ հղկված ճաշակ ունեն, Հայաստանը բարձր մշակույթ ունի, դուք շատ պահանջկոտ եք, ուստի մենք ձեզ իսկապես լավ ֆիլմեր ենք ներկայացնելու` ո’չ Հոլիվուդ, ո’չ Բոլիվուդ, այլ Եվրոպավուդ»,-հումորով եզրափակեց դեսպանը:

Եվրոպական միության մշակույթի ազգային ինստիտուտների (ՅՈՒՆԻՔ) հայաստանյան կլաստերի նախագահ Արևիկ Սարիբեկյանն ասաց, որ Եվրոպական ֆիլմերի փառատոնի շրջանակում փորձել են ներկայացնել այսօրվա Եվրոպան:  «Դուք կդիտեք կինոնկարներ, որոնք կբարձրաձայնեն այն բոլոր հարցերը, խնդիրները, որոնք այսօր հուզում են եվրոպացիներին»,-նշեց նա:

Սարիբեկյանը շեշտեց, որ երիտասարդ ստեղծագործողները փառատոնի շրջանակում հնարավորություն կունենան հաղորդակցվել միջազգային փորձագետների հետ, որոնք հրավիրված են Հայաստան, ուսումնասիրել եվրոպական առաջատար փորձն ու կապեր հաստատել նրանց հետ:

ԵՄ պատվիրակության մշակույթի համակարգող Վարդուհի Սարգսյանը ներկայացրեց փառատոնի ծրագիրը և դրա շրջանակում նախատեսված միջոցառումները:

«Փառատոնի հիմնական ծրագրում կցուցադրվեն ֆիլմեր Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Չեխիայից, Հունաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Լիտվայից, Ռումինիայից, Շվեդիայից և Լեհաստանից: Կինոնկարները «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելու են երկու անգամ: Ժամը 17:00-ին բնօրինակով և անգլերեն ենթագրերով, իսկ 19:00-ին` հայերեն ենթագրերով»,-ներկայացրեց նա:

Անդրադառնալով մարզային ցուցադրություններին`Սարգսյանն ընդգծեց, որ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ֆիլմերը կներկայացվեն նոյեմբերի 28-29-ին, իսկ Դիլիջանի միջազգային դպրոցում` 29-30-ին: Փառատոնի փակման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում:

Փառատոնն անցկացվում է Մշակութային ժառանգության եվրոպական տարում, որի նպատակն է խրախուսել Եվրոպայի մշակութային ժառանգության առավել բացահայտումը և ամրապնդել ընդհանուր եվրոպական տարածքի մասը լինելու զգացումը: 

Եվրոպական ֆիլմերի փառատոնը կազմակերպվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և «ՅՈՒՆԻՔ»-Հայաստան կլաստերի կողմից: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը հանդես է գալիս որպես փառատոնի իրականացնող գործընկեր։ 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]